

2025թ․ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է նախարարության 2026թ․ բյուջետային հատկացումները և նախատեսվող ծրագրերը։
Նախարարի ներկայացրած տվյալների համաձայն՝ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող 6 բյուջետային ծրագրերի շրջանակում ներառված 25 միջոցառման ընդհանուր ֆինանսավորումը կկազմի շուրջ 15.4 միլիարդ դրամ, ինչը շուրջ 813 միլիոն դրամով ավելի է, քան 2025թ․ հաստատված բյուջեն՝ 14.5 միլիարդ դրամ։

2026թ․ նախատեսված գումարից մոտ 2.4 միլիարդ դրամը կազմելու են միջազգային դրամաշնորհները, իսկ շուրջ 13 միլիարդ դրամը՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումները։
Նախարարը նշել է, որ 2026թ․ հոկտեմբերին Երևանում կկայանա Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որի կազմակերպչական աշխատանքների համար նախատեսվել է 1 միլիարդ դրամ, իսկ մնացած ֆինանսավորումը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից։
2026թ․ բյուջետային հատկացումները հետևյալն են՝
- «Անտառների կառավարում» ծրագրին կհատկացվի ավելի քան 7 միլիարդ դրամ,
- Էկոպարեկային ծառայության համար՝ 5.7 միլիարդ դրամ,
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերին՝ 475.5 միլիոն դրամ, որը կազմում է ՊՈԱԿ-ի աշխատավարձերի 42 տոկոսը,
- Անտառների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար՝ 391 միլիոն դրամ,
- Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների համար՝ 500 միլիոն դրամ, ինչը 50%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ,
- Բնապահպանական սուբվենցիաներ 17 ազդակիր համայնքներին՝ 686 միլիոն դրամ,
- «Բնական ռեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարում» ծրագրին՝ 1.11 միլիարդ դրամ, որից 624.5 միլիոն դրամը 6 ՊՈԱԿ-ների պահպանման ծախսերին,
- Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամի առողջացմանը՝ 467.7 միլիոն դրամ։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բացի այդ նախատեսվում է Կապանում իրականացնել Ողջի գետի հունի մաքրման աշխատանքներ, իսկ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ անձրևաջրերի հավաքման և ոռոգման համակարգի ստեղծման ծրագիր։
Նոյեմբեր 05, 2025 at 18:22
