

ԷկոԼուր
Ազատի կիրճում տեղի ունեցած ծառահատումների մասին ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություն է անցկացրել: «ԷկոԼուր»-ին ուղղված` տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարզպետ Քամալյանի ստորագրությամբ նամակում մասնավորապես նշված է. «Ազատի կիրճում գտնվող Հացավանի պոմպակայանից 200-250 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են նախկինում հատված ծառակոճղեր եւ վերնամասը կտրված մեկ ընկուզենի: Տվյալ վայրը մտնում է Գառնու համայնքի վարչական տարածքի մեջ, եւ 0,33 հա հողատարածք սեփականաշնորհված է»:
Լուսանկարում պատկերված բեռնատարի համարների միջոցով տեսչությունը գտել է վարորդին: «Պարզվել է, որ անձնական կարիքների համար տեղափոխված փայտը հեշ է (ծառաթափոններ), եւ այն տարվել է` որպես վառելափայտ օգտագործելու համար: Քանի որ նշված ծառահատումներն իրականացվել են համայնքի սեփականաշնորհված տարածքում, եւ որ դրա նկատմամբ հսկողության լիազորությունները, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջների, վերապահված են համայնքի ղեկավարին, ուստի, համայնքի ղեկավարության հետ հարցի քննարկման արդյունքներից ելնելով, մեր կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,- նշված է նամակում:
Փետրվար 16, 2011
