

ԷկոԼուր
Հասարակայնությունը խիստ անհանգստացած է Հայաստանի անտառային ոլորտում տրող իրավիճակով եւ պետական կառույցների կողմից ընդունվող որոշումներով: Այս կապակցությամբ մի շարք բնապահպանական ՀԿ-ներ ապրիլի 6-ին նամակով դիմեցին ՀՀ բնապահպանության նախարարությանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնին, Համաշխարհային բանկին, GEF-ին, UNDP-ին, FAO-ին, ENPI-FLEG-ին, REC Caucasus-ին, WWF-ին: Նամակում ասվում է. «Մենք պահանջում ենք դադարեցնել Հայաստանի անտառների ոչնչացումը: Պաշտոնական տվյալներն այն մասին, որ մեր անտառային տարածքները ոչ միայն չեն կրճատվել, այլ նույնիսկ ավելացել են, չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես ցույց են տալիս տիեզերքից արված լուսանկարների վրա հիմնված ուսումնասիրությունների արդյունքները, պաշտոնական տվյալների եւ անկախ գնահատականների միջեւ տարբերությունը որոշ դեպքերում հասնում է մինչեւ 70%-ի: Ինչ-որ չափով համընկնում են միայն անհասանելի անտառների վերաբերյալ տվյալները: Այդ անտառները մնացել հենց այն պատճառով, որ նրանց չեն հասել սանիտարական եւ խնամքի հատումների անվան տակ:
Հայաստանի կառավարությունը հայտարարեց կլիմայի գլոբալ փոփոխության կանխարգելման միջազգային գործընթացների նկատմամբ պարտավորությունների մասին, հայտարարեց, որ մասնակցում է անապատացման դեմ պայքարի, կենսաբազմազանության պահպանման ծրագրերին: Այդ ծրագրերը կապված են անտառի պահպանման հետ: Սակայն, Գյուղատնտեսության նախարարության` ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր պլաններում խոսվում է միայն անտառային սեկտորի 30%-ով ֆինանսավորման նվազման մասին: Եւ առաջարկվում է պարադոքսային լուծում` անտառը պահպանելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում, իսկ միջոցներ ունենալու համար հարկավոր է հատել անտառը:
Դրա համար «Հայանտառ»-ը մտադիր է մի քանի անգամ ավելացնել հատումների ծավալը` իբրեւ թե անօրինական հատումների դեմ պայքարի համար, ինչպես նաեւ բիզնես-ծրագրեր մտցնել նրանց համար, ովքեր մտադիր են ներդրումներ անել անտառային ոլորտում: Կան նաեւ հեռուն գնացող պլաններ` անհասանելի անտառը դարձնել հասանելի:
Պարզ է, թե ով կհաղթի այդ մրցույթներում: Մենք արդեն ականատես ենք մի գործընթացի, երբ Սեւանում բիզնես ծրագրով ձուկ էին որսում: Արդյունքում հսկայական լիճը մնաց առանց ձուկ, իսկ այժմ Բնապահպանության նախարարությունը, որը հաստատել էր այդ բիզնես-ծրագրերը, արդեն այլ ֆինանսավորում է ստացել ձկնային պաշարների վերականգնման համար:
Պետական մարմինները պետք է հասկանան, որ անտառը ֆինանսավորման աղբյուր չէ, ռեսուրս չէ, որը պետք է վաճառել` գումար վաստակելու համար, այլ ապրելու անհրաժեշտ պայման է: Կկորցնենք անտառը, կկորցնենք ջուրը, հողը, կկորցնենք երկիրը:
Մենք պահանջում ենք, որպեսզի անտառային սեկտորի ֆինանսավորման հարցը չլուծվի նրա վաճառքի հաշվին, այլ նրա պահպանման եւ անտառային տարածքների ավելացման հաշվին: Հենց դրան պետք է ուղղված լինեն դրամաշնորհային եւ վարկային ծրագրերը, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Համաշխարհային բանկի, GEF-ի, UNDP-ի, FAO-ի, ENPI-FLEG-ի, REC Caucasus-ի եւ այլ կազմակերպությունների հետ գործընկերությամբ:
Մենք պահանջում ենք, որ`
• անտառապատման հարցը` ներառյալ հատուկ պահպանվող տարածքների անտառապատման, վերջնական լուծում ստանա եւ անկախ հետազոտությունների անցկացմամբ, եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` օգտագործելով տիեզերական լուսանկարներ
• մինչեւ հավաստի տվյալների ի հայտ գալը անտառահատումների հետ կապված բոլոր ծրագրերը կանգնեցվեն
• ՄԱԿ-Ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի դրույթները պահպանվեն
• անտառային սեկտորին վերաբերող փաստաթղթերը, այդ թվում եւ նրանք, որոնք կազմվում են դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, թափանցիկ լինեն լայն հասարակայնության համար մինչեւ նրանց վերջնական ընդունումը, փաստաթղթերը պետք է տեղադրված լինեն նախարարությունների եւ պետական հաստատությունների կայքերում, կամ եթե այդ փաստաթղթերը մշակվում են միջազգային դոնորների աջակցությամբ, տեղադրվեն դոնոր կազմակերպությունների կայքերում:
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Նազելի Վարդանյան` «Հայաստանի անտառներ» ՀԿ
Սիլվա Ադամյան` «Թռչնասերների կենտրոն» ՀԿ
Հասմիկ Ասլանյան` «Շողեր միություն» ՀԿ
Գրետա Գաբրիելյան` «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
Լեւոն Մարտիրոսյան` Գյումրու «Գեոֆոն» ՀԿ
Սվետլանա Ասլանյան` «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ»:
Ապրիլ 06, 2011
