

Մարինե Խառատյան, Հրապարակ
Յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ՝ նախընտրական շրջանում, ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում չբարձրանա գազի գինը, իսկ ընտրությունից հետո, ինչպես եղավ 2008-ին, գազի գինը Հայաստանում վերելք արձանագրեց, օրինակ՝ 2008-ին ավելացավ միանգամից 40 տոկոսով: Ի՞նչ է սպասվում հայ սպառողին այս ընտրություններից հետո: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը չի բացառում, որ եկող տարի ռուսական գազը կրկին կթանկանա, ուստի չի բացառում նաեւ, որ գյուղերում 21-րդ դարում կսկսեն աթար վառել՝ որպես այլընտրանք:
- Պարոն նախարար, անցած ընտրությունից առաջ գազի գնի թանկացումը սառեցվեց, սակայն ընտրություններից հետո գազի գինը միանգամից 40 տոկոս թանկացավ: Ի՞նչ է սպասվում մեր ժողովրդին առաջիկա ընտրություններից հետո:
- Գազի գների թանկացումն ընտրությունների հետ ընդհանրապես կապ չունի: Գազը Հայաստանում չի արդյունահանվում, ներկրվում է դրսից: Բնականաբար, դրսի գներն են թելադրում, թե Հայաստանում գազի ինչպիսի գին պետք է լինի: Ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն ունենք, որ գազի գները քննարկում ենք ամեն տարվա ապրիլի մեկին: Հիմա ընտրությունները մինչեւ ապրիլ կլինեն թե ապրիլից հետո՝ դա դրա հետ որեւիցե կապ չունի: Եվ մեկը մյուսի հետ կապել՝ ուղղակի լուրջ չէ:
- Բայց զարմանալիորեն դրանք զուգադիպում են, եւ անցած ընտրություններից հետո գազը միանգամից թանկացավ 40 տոկոսով:
- Նորից եմ ասում, մեզ մոտ գազի գինը փոփոխվում է ապրիլի մեկին, թե ընտրությունը երբ է՝ դա դրա հետ կապ չունի:
- Իսկ ի՞նչն է այդ դեպքում պատճառը, որ այսօր ՀՀ բնակչության համար գաղտնի են պահվում «Գազպրոմի» հետ բանակցությունները: «Գազպրոմը» հայտարարում է, թե դեռ բանակցում է, հայկական կողմն ասում է, թե գազը չի թանկացնում եւ վերջ:
- Ես չգիտեմ, թե «Գազպրոմի» որ աղբյուրների հիման վրա եք Դուք դա ասում:
- Իրենց հայտարարությունների:
- Չգիտեմ ով է հայտարարել, ինչ է հայտարարել: Ես Ձեզ ասում եմ՝ այս տարվա համար արդեն որոշված է, «Գազպրոմի» հետ բոլոր բանակցություններն ավարտված են: Գազի գինը Հայաստանում չի թանկանա: Գազի գինը կվերանայվի եկող ապրիլի 1-ի դրությամբ, թե եկող տարի ինչ գին կլինի: Բանակցությունները կսկսվեն մոտավորապես նոյեմբերի վերջին-դեկտեմբերին, եւ մինչեւ ապրիլի մեկն արդեն պետք է որոշված լինի: Ընդհանրապես այս գործընթացը՝ գազի գնի հետ կապված, եւ ընտրությունները իրար հետ կապ չունեն:
- Լավ, հայտնի է, որ գազի ներկա գինն արդեն իսկ նկատելի թանկ է ՀՀ սպառողի համար, եւ, որքան գիտեմ՝ վերջին թանկացումից հետո 20 տոկոսով նվազել է գազի սպառումը Հայաստանում: Եթե մյուս տարի սպասվում են նոր թանկացումներ, ի՞նչ է անում ՀՀ կառավարությունն այսօրվանից՝ այլընտրանքային էներգակիրներ, միջոցներ գտնելու, որպեսզի Հայաստանի բնակիչը կարողանա օգտվել դրանցից:
- Գազն այն էներգակիրն է, որն այսօրվա վիճակով աշխարհում այլընտրանք չունի այն նպատակի համար, որի համար նախատեսված է օգտագործել: Մնացած բոլոր էներգակիրները՝ էլեկտրաէներգիան, դրանք գազի ածանցյալներ են, այսինքն՝ գազից էլեկտրաէներգիա են արտադրում: Բնականաբար, այդտեղ կա ՕԳԳ, կորուստներ եւ այլն, եւ ավելի թանկ կլինի: Որպես սկզբնական էներգակիր՝ գազն այսօրվա վիճակով ալտերնատիվ չունի: Բնականաբար, այստեղ փնտրել, որ կարելի է ավելի էժան բան ստեղծել…, այո, հա, կա՝ փայտն է, ածուխն է…
- Նաեւ աթա՞րը:
- Այո, աթարը: Բնականաբար, այն սպառողը, որը սովորել է գազ ծախսելուն, երբեք աթարի նորից հետ չի գնա կամ փայտի, կամ ածուխի:
- Պարոն նախարար, փաստ է, որ շատերն այս ձմեռ հետ գնացին փայտի:
- Բնականաբար, եթե գազի գինը թանկ է, այն տարածքներում, որտեղ կա այլ վառելիք, փորձելու են ավելի էժան տարբերակն օգտագործել: Գյուղերում շատերն օգտագործում են փայտ, օգտագործում են աթար:
- Դուք նորմա՞լ եք համարում, որ 21-րդ դարում հայ գյուղացին աթար է օգտագործում տաքանալու համար, եւ դա է իր հնարավորությունն այսօր:
- Գիտեք, նորմալ է համարվում այն, որը տնտեսապես իրեն արդարացնում է: Նույն բանն է, որ, ասենք, այսօր՝ 21-րդ դարում, դեռեւս կան քարածխով աշխատող ջերմային կայաններ, երբ որ կա ատոմակայան, կան գազատուրբինային կայաններ: Եթե տնտեսապես իրեն արդարացնում է՝ նորմալ է, ինչի՞ չէ:
- Ասել է թե մեր գյուղացիները մնացին աթարի հույսի՞ն:
- Դե պարտադիր չի աթարի, ո՞վ է ասել աթար:
- Լավ, պարոն նախարար, ուզում եմ հասկանալ. եթե կառավարությունը գիտի, որ հաջորդ տարվա ապրիլին գազի թանկացում է սպասվում, ի՞նչ է անում մինչ այդ, որ գոնե ինչ-որ ձեւով ՀՀ քաղաքացու համար տանելի լինի այդ թանկացումը, որպեսզի հերթական անգամ գազի սպառումը չնվազի, մարդիկ ցրտից չմահանան իրենց տներում:
- Հայաստանում ցրտից մեռած դեպք գրանցված չկա: Համենայնդեպս եթե լիներ, դա բավականին մեծ հնչեղություն կստանար: Չկա նման դեպք:
- Ի՞նչ գիտեք, որ չկա:
- Ցանկացած մահվան դեպք պարտադիր դատաբժշկական փորձաքննություն է ենթադրում, եւ երեւում է, թե ինչն է եղել պատճառը:
- Ասել է թե մեր կառավարության հույսը մարդկանց ցրտադիմացկունությո՞ւնն է, որ միեւնույն է՝ ցրտից չեն մեռնելու:
- Կառավարության հույսը դա չէ: Կառավարության հույսն այն է, որ տնտեսական աճը կբերի նրան, որ մեր բնակչության եկամուտները կավելանան, եւ նա ի վիճակի կլինի սպառողական զամբյուղի մեջ նաեւ գազի վճարումը նախատեսել: Երկրորդ՝ սոցիալապես անապահով խավերի համար առանձին հոդված է նախատեսվում, առանձին օգնության խնդիր է նախատեսվում: Էնպես չի, որ կառավարությունը հույսը դրել է, ինչպես Դուք եք ասում, մարդկանց ցրտադիմացկունության ավելացման վրա:
Հունիս 14, 2011 at 17:14
