

ԷկոԼուր
Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնում կադրերի մաքրում է սկսվել: Տնօրեն Աշոտ Փափազյանն արդեն զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ալավերդյանը: «ԷկոԼուր»-ի տվյալներով` փոխտնօրեն Արա Մեջլումյանին գյուղնախարար Սերգո Կարապետյանի անունից նույնպես ասել են, որ նա հրաժարականի դիմում ներկայացնի: Հասարակական կազմակերպություններն իրենց անհանգստությունն են արտահայտել անօրինական անտառահատումներին հետեւող պրոֆեսիոնալ կադրերի մաքրման կապակցությամբ: Նրանք խնդրանքով դիմել են Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին, ով Անտառային պետական մոնիտորինգի խորհրդի անդամ է, որպեսզի նա իրենց կարծիքը ներկայացնի Խորհրդի ղեկավար, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյաին: Նամակում մասնավորապես ասված է. «Գյուղատնտեսության նախարարն իր համար հանկարծ որոշել է, որ իր կառավարման ներքո գտնվող բազում խնդիրներ ու պրոբլեմներ ունեցող անտառային ոլորտում նման փորձառու, բանիմաց մասնագետ ընդհանրապես պետք չէ: Ավելին, մենք համոզված ենք, որ այս երևույթը ուղղակիորեն կապված է Ա. Մեջլումյանի մասնագիտական գործունեության հետ, որը հանգիստ չի տալիս շատերին»:
Նշենք, որ չնայած նրան, որ անտառային մոնիտորինգի կենտրոնը գտնվում է գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ, այնուամենայնիվ, հրապարակեց անտառային սեկտորի վերաբերյալ տվյալներ, որոնք սկզբունքորեն տարբերվում էին գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տվյալներից: Այս կապակցությամբ հարց է առաջանում, թե որքանով է օրինաչափ Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի ենթարկվելը գյուղատնտեսության նախարարությանը, երբ մի ձեռքով նախարարությունը ղեկավարում է անտառը, մյուսով`ստուգում:
Հուլիս 14, 2011 at 12:50
