

ԷկոԼուր
Մարմարիկ գյուղի մոտ անտառ են կտրում: Ինչպես հայտնում է ակտիվիստ Սամվել Մարտիրոսյանը, անտառում թարմ կտրված կոճղեր են` ծածկված հողով, եւ միայն մոտ գալով կարելի է տեսնել, որ վերջերս են կտրել: Որոշ ծառեր դեռ չեն տարել, հավանաբար, նրանց հետեւից ավելի ուշ կգան: «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ ահազանգել է այդ մասին ՀՀ բնապահպանության նախարարություն, եւ նրանք խոստացել են հանգամանքների պարզման համար ուղարկել տեղի բնապահպանական տեսչությանը: Նշենք, որ օգոստոսը, ըստ «Հայանտառ»-ի, անօրինական անտառահատուների «թեժ» ժամանակահատված է, քանի որ մարդիկ 1-2 խմ փայտ են կտրում` վաճառելու, որպեսզի իրենց երեխաներին դպրոցի համար պատրաստեն: «Դպրոցական իրերը էժան հաճույք չեն, իսկ անտառն օգնության է հասնում»,- «ԷկոԼուր»-ին ասաց անտառապհներից մեկը, իսկ համայնքի ղեկավարը (նրա խնդրանքով անունը չենք նշում) հաստատեց դա: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, Սամվել Մարտիրոսյանի ահազանգն ուղարկվել է բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանի անունով: Ահազանգի հիման վրա «ԷկոԼուր»-ը հարցում ուղարկեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնին եւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոտայքի մարզի անտառների մենեջմենթ-պլանը բացակայում է www.hayantar.am պաշտոնական կայքից, իսկ ճշտված տվյալների համաձայն` Հանքավանի եւ Մեղրաձորի անտառների որոշակի տարածքներ համարվել են համայնքներին հարակից արոտավայրեր եւ հետո վաճառվել, մի շարք հարցեր են առաջանում.
- արդյոք այդ հատումները կատարվում են Կոտայքի մարզի անտառտնտեսության տարածքո՞ւմ, թե՞ այն անտառներում, որոնք արոտավայր են համարվում
- հատումները համապատասխնո՞ւմ են մենեջմենթ պլանին, որքա՞ն ծառ, ու՞մ կողմից եւ ի՞նչ տարածքներում է հատվելու
- եթե դա «Հայանտառ»-ի տարածքը չէ, ապա ո՞վ է պատասխանատվություն կրում դրանց համար:
Լրացուցիչ, Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին եւ բնապահպանական պետական տեսչությանը խնդրում ենք մեր ահազանգի հիման վրա արված ստուգումների արդյունքների մասին մեզ տեղեկացնել:
Լուսանկարները` Սամվել Մարտիրոսյանի
Օգոստոս 05, 2011 at 16:38





