

Օգոստոսի 22-ի առավոտյան ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնից տեղեկացանք, որ Տավուշի մարզի Կիրանցի վանքի հարակից անտառում, որքան էլ զարմանալի է, «ապօրինի ծառահատումներ չեն հայտնաբերվել»:
Օրերս “Չենք լռելու” քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի` Կիրանցի անտառից դուրս են եկել փայտով բեռնված, առանց պետհամարանիշների բեռնատարներ: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրահանգել էր տեսչական խումբ կազմել եւ կատարել ուսումնասիրություններ:
Եւ ահա ուսումնասիրությունները հերքում են ակտիվիստների հայտարարության ճշմարտացիությունը: Չնայած տավուշցիներից շատերին է հայտնի, որ Կիրանց-Աճարկուտ տարածքում ոմանք անտառի բիզնեսով են “տուն պահում”:
Նաեւ նկատենք, որ “Չենք լռելու” նախաձեռնող խմբի հայտարարությունը նույնպես կարող է թյուրիմացություն ստեղծել: Բանն այն է, որ Դիլիջան եւ Կիրանց համայնքները գտնվում են միմյանցից 60-70 կմ հեռավորության վրա: Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հատումը կատարվում է Կիրանց վանքի շրջակայքում, իսկ լուսանկարի վրա նշված է` “Դիլիջանի անտառ”:
Ինչպես այս առնչությամբ մեզ պարզաբանում տվեցին Իջեւանի Օրհուս կենտրոնից, այս դեպքում ցանկալի կլինի հստակեցնել տարածքը եւ կատարել ստուգումներ, բայց արդեն` անկախ մասնագիտական խմբի միջոցով: Բացի այդ, կենտրոնից մեզ փոխանցած տեղեկատվության համաձայն, անտառահատումները չեն դադարում, քանի որ եւ անտառի բիզնեսով զբաղվողները հովանավորվում են “վերեւներից”, եւ վերահսկողությունն է թույլ. այդ գումարներից, ամենայն հավանականությամբ, օգտվում են հարկային եւ տեսչական մարմինները, անտառտնտեսությունները եւ ճանապարհային ոստիկանությունը: Այլապես ծառերի հատումներն ու փայտանյութի տեղափոխությունն այսքան բացահայտ չէր լինի:
Օգոստոս 23, 2011 at 15:57
