Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը հերքում է

Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենը հերքում է

Հետք

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հարցազրույց է վերցրել Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Արամ Եգանյանից, ում գտնվելու վայրը, ըստ նախօրեին հրապարակված որոշ լուրերի, վերահսկողական ստուգումից հետո անհայտ էր:

Ի՞նչ կասեք այսօր հրապարակված այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց` Ձեր ղեկավարության տակ եղած անտառտնտեսությունում վերջերս բացահայտվել է մոտ 200 միլիոն դրամի յուրացում:

Դա զրպարտանք է, ոչ մի նման բան չկա, և այդ լուրը «մոգոնողները» նույնիսկ չեն փորձել կապվել ինձ հետ և լուրն անմիջապես տեղադրել են իրենց կայքում: Ընդ որում՝ այն աստիճանի մտացածին զրպարտանք է, որ հնարավոր չէ իմ ղեկավարության տակ գտնվող անտառից ընդհանրապես 200 միլիոնին մոտ գումար ստանալ:

Իսկ ստուգումներ իրո՞ք եղել են:

Այո, ստուգումներ եղել են: Նախ ստուգում է անցկացրել անտառտնտեսությունների մոնիտորինգը, ապա նաև Բնապահպանության նախարարությունից են ստուգողներ եկել և նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունից: Չնայած այս վերջինը, որը դեռևս ընթացքի մեջ է, ստուգում էլ չէ, ուսումնասիրություն է: Արդեն ուսումնասիրվել են Գետիկի առաջին, երկրորդ և երրորդ պահաբաժինները, և ոչ մի խախտում չի արձանագրվել: Նախորդ ստուգումների ժամանակ ամբողջ տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված 8 ծառ:

Ամբողջ հարցն այն է, որ նախ իմ ղեկավարության տակ գտնվող անտառային զանգվածը շատ քիչ է, և երկրորդ` ծառերը հին չեն, երիտասարդ են: Այս անտառները փակ չեն, և եթե ինչ-որ լրագրողի կամ լրատվամիջոցի իրոք հետաքրքրում է Ճամբարակի անտառների իրական վիճակը, կարող են գալ, իրենց աչքով տեսնել, թե իրականում ինչքան բարվոք վիճակում է գտնվում ամեն ինչ:

Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղեցնում եք այդ պաշտոնը:

Արդեն տասը տարի է, որ զբաղեցնում եմ այս պաշտոնը: Սկզբում, երբ նոր էի նշանակվել, անտառտնտեսությունը սնանկ էր ճանաչվել. մոտ մեկուկես տարի դատական քաշքշուկների արդյունքում ես կարողացա հիմք դնել նորմալ գործնեության համար, և այսօր արդեն անտառտնտեսությունը ծաղկում է:

Այսքան ժամանակվա ընթացքում չի եղել գոնե մեկ դեպք, որ ապօրինի կերպով ինչ-որ մեկը ծառ հատի, և քրեական գործ չհարուցվի, ու մեղավորներն էլ չպատժվեն: Եվ այդ հրապարակումը ես շատ ցավագին եմ ընդունում հենց այն պատճառով, որ կարծես իմ տասը տարվա քրտնաջան աշխատանքն ընկնում է ջուրը: Եվ ինչպես տեսնում եք, ես հիմա իմ աշխատավայրում եմ` անտառում, բոլորը գիտեն իմ գտնվելու վայրը, սակայն գրել են, թե անհայտ է, թե որտեղ եմ ես գտնվում: Այդպես էլ սուտ և զրպարտանք է նաև յուրացման վերաբերյալ գրվածը. դա գրողը նույնիսկ չի պատկերացնում, թե ինչի մասին է գրել: Ամբողջ հարցն այն է, որ իմ ղեկավարած մասնաճյուղում ընդհանուր մոտ 6 հա անտառ կա, որը, կրկնում եմ, նոր ու երիտասարդ ծառեր են, և նրանց բոլորի գումարն էլ չի հասնի 200 միլիոնի:

Հոկտեմբեր 17, 2011 at 12:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր