

ԷկոԼուր
Հուլիսի 9-ին «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Հայաստանի կանաչների միության, «Էկոլոգիական ակադեմիա», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «ԷկոԼուր» ՀԿ-ների ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի Կողբի անտառտնտեսություն` տեղում ծանոթանալու անտառտնտեսության աշխատանքներին: Կողբի անտառտնտեսության 61 հեկտար զբաղեցնող տարածքում տնկվել է 52.200 ծառ` կաղնի, վայրի խնձորենի, հացենի, վայրի տանձենի, ընկուզենի: Նախատեսվում է ևս 18.000 ծառ տնկել աշնանը: Այս մասին ԷկոԼուրին ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը: «Ծառերը գարնանն են տնկվել: Կպչողականությունը շատ բարձր է` մոտ 98% կլինի, բայց ավելի ստույգ աշնանը կերևա»,- նշեց Վասիլ Չիլինգարյանը Նրա խոսքով` ծառահատումները տեղի են ունենում անտառկառավարման պլանի համաձայն, հատվում են հիվանդ, վնասված ծառերը` սանիտարական, անցումային, լուսավորության, արտադրական նպատակներով, իսկ կոտրված ծառերը, ըստ կառավարության որոշման, բնակիչներին անվճար են տրվում:
«Իհարկե, ողջունելի է, որ այդ ընկած ծառերը տրամադրվում են բնակչությանը, սակայն դրանք էկոհամակարգի մաս են կազմում: Դրանց վրա ապրում են մամուռներ, քարքաոսներ, սնկեր, բակտերիաներ: Որպես կեսաբան, իմ անձնական կարծքիով, անտառում ցանկացած հատում անընդունելի է»,- ասաց դիտարկման աշխատանքներին մասնակցող «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
Անտառտնտեսության կատարած աշխատանքը դրական գնահատեց «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը: «Ծառերը կպած էին, աշխատանքը կար: Մենք առանց նախազգուշացման էինք գնացել, եւ տեսանք, որ գյուղացիները աշխատում էին»,- ասաց Գրետա Գաբրիելյանը:
Գյուղացիներն անտառտնտեսությունում աշխատում են շատ ցածր աշխատավարձով: Վասիլ Չիլինգարյանի խոսքերով` գյուղացին առավոտից երեկո պետք է 210 հատ ծառ քաղհանի, փխրեցնի, որ 2400 դրամ օրավարձ ստանա: «Մի ծառը տնկելու համար տալիս են 8 դրամ, մի ծառի չորս կողմը քաղհան փխրեցման համար տալիս են 14.37 դրամ, 1 հեկտարը հնձելու համար տալիս են 36.000 դրամ: Սրանք մուրացկանի փողեր են: Առավոտից երեկո աշխատողները պետք է 210 հատ քաղհան-փխրեցում անեն, որ կեղտոտ ձևով 3000 դրամ ստանան, դրանից էլ պահում-մահումները հանած` 2400 դրամ: Այդ դրույքաչափը «Հայանտառ»-ն է որոշել, մենք վճարում ենք: Իսկ այդքան գումարով ոչ մեկ չի գալիս: Խնդրելով, աղաչելով մի կերպ բերում ենք, աշխատացնում»,- ասաց Վասիլ Չիլինգարյանը:
«Մեր այցի նպատակն էր ՀԿ-ների հետ համատեղ ուսումնասիություններ, դիտարկումներ կատարել, թե ինչպես է անտառտնտեսությունը իրականացնում անտառշահագործումը և անտառվերականգնումը` տնկելը և հատելը: Եվ ինձ թվում է` մեզ հաջողվեց իրականացնել մեր առջև դրված խնդիրները»,- ասաց «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ավագյանը և հույս հայտնեց, որ հանուն բնության պահպանության նման համատեղ աշխատանքը կլինի շարունակական:
Հուլիս 10, 2013 at 17:33






