Բնապահպանական հանրային դատարանը հանքարդյունաբերության ոլորտում թույլ տրված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

Բնապահպանական հանրային դատարանը հանքարդյունաբերության ոլորտում թույլ տրված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 24-ին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Հայաստանում զարգացող մետաղական հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա» գործը՝ ըստ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի:

Գործով դատավորներն էին՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման, նոր տեխնոլոգիաների չներդրման, օգտակար հանածոների արդյունահանման էժան տեխնոլոգիաների շարունակական կիրառման արդյունքում մեծ քանակությամբ հազվագյուտ և ցրված էլեմենտների չկորզման և հանքանյութերի մշակման ամբողջական ցիկլի  չապահովման արդյունքում Հայաստանի համար ստեղծվել են լուրջ մարտահրավերները:  Հայաստանում տարեցտարի ավելանում են ծանր մետաղներով և տոքսիկ նյութերով աղտոտված հողատարածքները, գետերը ու գյուղմթերքը, գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերը վերածվում են հանքարդյունաբերական ենթակառուցվածքների, լցակույտերի տարածքների: Դատարանը քննեց պետական լիազոր մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

Ելույթներով հանդես եկան «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Լևոն Գալստյանը և Աննա Շահնազարյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելա Աբովյանը, Մեծ Այրում համայնքի բնակիչ, Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, Գեղանուշ համայնքի բնակիչ, փաստաբան Արշավիր Խալափյանը, «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Դեմիրչյանը:

Փորձագիտական գնահատականով հանդես եկավ ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Բնապահպանական հանրային դատարանը վճռեց հանքարդյունաբերության ոլորտում թույլ տրված օրինախախտումները, որոնք խաթարել են Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը, հանգեցրել են էկոհամակարգերի ոչնչացմանը, նպաստել են սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը, որոնց արդյունքում պատճառվել է անդառնալի էկոլոգիական և առանձնապես խոշոր չափերի տնտեսական վնաս, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Վճռի ամբողջական տեքստը կհրապարակվի 10 օրվա ընթացքում:



18:38 Հունիս 24, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news