Մետաղական հանքավայրերի տնտեսական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում, ասում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը

Մետաղական հանքավայրերի տնտեսական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում, ասում է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը

ԷկոԼուր

Վերջապես մենք ընդերքի մասին տեղեկություններ ստացանք Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից: Նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:

Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր:

Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:

Բացի գնահատված և Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ:

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հանդիսանում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծումը, հնարավորություն կտա բարձր արժողությամբ արտադրանքի ստացման, որն էլ  կապահովի  ՀՆԱ-ի  աճ:

Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:

Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:

Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO–ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով:

Հունիս 22, 2011 at 11:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր