Ախթալայի շրջանում հանքարդյունաբերությունը ծանր ազդեցություն է գործում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա

Ախթալայի շրջանում հանքարդյունաբերությունը ծանր ազդեցություն է գործում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա

ԷկոԼուր

Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները ահազանգում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը: Նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ:

Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար: Բացի այս պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն այս տարածաշրջանում ունի ևս մի քանի ռեկուլտիվացված պոչամբարներ: Հանքարդյունաբերական այս ենթակառուցվածքներն էլ հենց շրջակա միջավայրի աղտոտման պատճառն են:

Նահատակի պոչամբար

Նազիկի ռեկուլտիվացված պոչամբար

Ախթալա գետը

Հանքարդյունաբերության առաջացրած խնդիրները և բնակիչների մտահոգությունները ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրում գյուղի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:

«Ախթալայի պոչամբարից դեպի Դեբեդ գետ արտահոսքեր միշտ էլ եղել են: Անզեն աչքով էլ երևում է, ինչպես են հողի շերտից ջրերը դուրս գալիս, հոսում դեպի ստորին հատված:…Երբ բնակիչը հասկանում է, որ իր մթերքը, ջուրը մաքուր չէ, ինքը սկսում է մտահոգվել նաև իր առողջության համար»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Նահատակ պոչամբարը ցանկապատված չէ: Պոչամբարի տարածքում արածում են կենդանիները: «Կենդանիներն այդ թույնը իրենց մեջ են տանում, և մարդիկ օգտվում են այդ կաթնամթերքից… Մեր համայնքում մենք ունենք լցված մեծ պոչամբար և մի կիսավթարային բուժկետ: Այդ բուժկետը միակ առողջապահական հաստատությունն է: Սա աբսուրդի հասնող իրավիճակ է. ունենալ այդպիսի պոչամբար և չունենալ նորմալ բուժսպասարկում, որը պետք է ֆինանսավորվեր այդ ընկերության կողմից», - ասաց Օլեգ Դուրգարյանը` շեշտելով, որ պոչամբարի շահագործումը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում, և խախտվում է մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Դեռ 2015թ-ին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում և Ճոճկան համայնքերի միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարիպարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական և առողջապահական նորմը Նահատակ պոչամբարի շահագործման արդյուքնում: Չնայած կապարի` առողջության համար խիստ վտանգավորությանը, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն. «Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայումերեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երևանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»: («Հայաստանի հանքարդյունաբերական և մետալուրգիական համայնքներում երեխաների համար ռիսկի գործոնները` պայմանավորված արյան մեջ կապարի մակարդակով, հեղինակներ` Ռուզաննա Գրիգորյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքումյան»)

«Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրվածկապարի ազդեցության և թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի և ուղիղ աղիքի քաղցկեղի միջև փոխկապակցվածությունը…

Այն մարդիկ, ովքեր ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելումիջոցով: Նորածինները և փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք ևս համարվում են խոցելի զարգացող պտղի վրա ազդեցության առումով»,- նշված է Սիրան Գրբոյանի «Կապարի ցուցանիշները և IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի և Երևանի երեխանների շրջանում» հետազոտական աշխատության մեջ:

Շուտով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի Նահատակի պոչամբարի շահագործումը: Ընկերությունը պատրաստվում է Շամլուղի հանքի հանքաքարի արդյունահանումն ավելացնել, իսկ առաջացած թափոնները չորացնել և պահեստավորել Շամլուղի բաց հանքի տարածքում, որի պաշարներն արդեն սպառվել են: Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի:

Հիշեցնենք, որ 2010թ-ին Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ն ռեկուլտիվացրեց իր կողմից շահագործված Նազիկի պոչամբարը: Իսկ 2012թ-ին պոչամբարի տարածքում 14 տեսկի 700 ծառ տնկվեց: Սական ծառերը չաճեցին: Իսկ պոչամբարի թունավոր պոչերը նորից հայտնվեցին մակերսեին տեղումների հետևանքով հողի բարակ շերտի լվացման արդյունքում: Նազիկի պոչամբարի ռեկուլտիվացիան տեսնելով` Օլեգ Դուրգարյանը թերահավատ է, որ Նահատակի պոչամբարը ճիշտ կռեկուլտիվացվի: «Չեմ հավատում, որ պոչամբարն այդքան հեշտ կլինի ռեկուլտիվացնել: Պոչամբարը շատ մեծ է, և որակյալ ռեկուլտիվացումը շատ ծախսեր կպահանջի: Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիներով պահանջենք, որպեսզի պոչամբարի հարցը լուծում ստանա, այլ ուղղակի հողի բարակ շերտով չծածկվի»,- ասաց նա:

 



21:44 Մարտ 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news