Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձոր համայնքի մերժվեց

Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձոր համայնքի մերժվեց

ԷկոԼուր

ՀՀ վարչական դատարանը օգոստոսի 2-ին վերադարձրել է հուլիսի 29-ին
Վայոց ձորի մարզպետարանի կողմից ստացված հայցադիմումն ընդդեմ Գլաձորի ավագանու: Մարզպետարանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» Գլաձորի ավագանու 29.04.2019թ. թիվ 44 որոշումը: Ըստ հայցադիմումի, այդ որոշմամբ խախտվել են ընդերքի օգտագործման ոլորտում պետության իրավունքները:Որպես հայցադիմումի վերադարձի հիմնավորում Դատական տեղեկատվական համակարգում նշված է, որ
դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտումիրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:
Դատարանի որոշման մեջ նաև նշված է, որ դիմումում առկա է ձևական սխալը: ՀՀ վարչական դատարան ներկայացրած դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից վիճարկվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու 29.04.2019 թվականի «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» թիվ 44 որոշումը, սակայն դիմողը ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու 29.04.2019 թվականի թիվ 44 որոշման համար նշել է «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» վերնագիրը:

Դատարանը դիմողին առաջարկել է կրկին ներկայացվելիք դիմումում ուղղել մատնանշած ձևական սխալը:

Մինչ այս՝ մայիսի 16-ին, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Գլաձորի համայնքապետին ուղարկված գրությամբ պահանջել էր անվավեր ճանաչել Գլաձոր համայնքի ավագանու 2019 թ. ապրիլի 29-ի թիվ 44 որոշումը։ Մարզպետի գրության մեջ մասնավորապես նշված էր, որ հանրագիրը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է վերադարձվեր հանրագիրը ներկայացնող անձին՝ պարզաբանելով, որ այն չի վերաբերում համայնքի ղեկավարի կամ ավագանու իրավասությանը՝ համաձայն «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ համայնքի շահերին վերաբերող,բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների: Տվյալ պարագայում ավագանին կարող է ընդունել ուղերձ», - ասված է գրությանմեջ:

Հունիսի 14-ին Գլաձորի ավագանին քննարկել էր մարզպետի կողմից ուղարկված գրությունը և միաձայն դեմ քվեարկել «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջին:

Հիշեցնենք, որ սույն թվականի ապրիլի 19-ին Գլաձոր համայնքի կազմի մեջ մտնող Գլաձոր, Վերնաշեն և Գետափ գյուղերի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն էին ներկայացրել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր, որտեղ խնդրել և պահանջել էին․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացմանհամալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:

16:09 Օգոստոս 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news