Ահազանգ. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի թափոնաջրերը լցվում են Կարճևան գետ

Ահազանգ. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի թափոնաջրերը լցվում են Կարճևան գետ

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի թափոնաջրերը կրկին լցվում են Կարճևան գետը։ Այս մասին հուլիսի 16-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել տեղի բնակիչներից մեկը:

«Հարստացուցիչ ֆաբրիկայում հիմա կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Պոչամբար գնացող ջրատարից է թափվում: Կեղտաջուրը պոչամբար ուղարկելու փոխարեն բաց են թողնում Կարճևան գետի հունով դեպի Արաքս: Առավոտյան ահազանգել ենք կոմբինատի տնօրինությանը», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց բնակիչը՝ նշելով, որ խնդրի կարգավորման նպատակով դիմել է ընկերության ղեկավարությանը:

Ըստ նրա՝ գետ թափոնաջրերի արտահոսք է եղել նաև մի քանի օր առաջ:

«Երեկ չէ առաջին օրը նույն վիճակն էր: Մեր տունը մոտ 300-400 մետր հեռավորության վրա է գտնվում գետի այն հատվածից, ուր թափոնաջուրը խառնվում է մաքուր հոսքին: Հոտը հասել էր մինչև մեր տունը: Շնչել չէր լինում: Ահազանգելուց հետո երեկ չկար արտահոսք: Այսօր նույն բանը կրկնվեց»,- ասաց նա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին հայտնեցին, որ Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետներն այսօր այցելել են դեպքի վայր՝ տեղազննում իրականացնելու նպատակով: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

17:15 Հուլիս 16, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news