Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործումը մեծ վնաս կպատճառի «Արեւիկ» ազգային պարկին եւ ջրային ռեսուրսներին

Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործումը մեծ վնաս կպատճառի «Արեւիկ» ազգային պարկին եւ ջրային ռեսուրսներին

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին` ժամը 16.00-ին, Երևանի Սունդուկյան 23/100 հասցեում, տեղի կունենան «ԱՏ Մետալս» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու արդյունահանման աշխատանքային նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:

«ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ն կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է բացասական եզրակացություն տա բնապահպանական փորձաքննության ներկայացված «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծին:

Նախագծում ոչ մի խոսք չկա այն մասին, որ հանքավայրի 60%-ը գտնվում է «Արեւիկ» ազգային պարկի տարածքում: Հանքավայրի երկրաբանական ուսումնասիրության տարածքը կազմում է 320.8 հա, որից 186.4 հեկտարը` «Արեւիկ» ազգային պարկի տարածքում է: Դա հակասում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներին:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի`

  • 2-րդ կետի ը ենթակետով ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը,
  •  3-րդ կետի ը ենթակետով Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով,
  • 3-րդ կետի թ ենթակետով` հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:

«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագրի» համաձայն` «Արեւիկ» ազգային պարկում կա ՀՀ Կարմիր գրքում գրանցված 24 բարձրակարգ բույս, 32 անողնաշարավոր եւ 28 ողնաշարավոր կենդանի:

Հանքավայրի շահագործման դեպքում կխախտվեն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ րդ հոդվածը եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

Չնայած այս հանգամանքին, հանքավայրի տարածքում տարվում են աշխատանքներ: «Հանքավայրի տարածքում նախապատրաստական աշխատանքներն են գնում ուսումնասիրման լիցենզիայի շրջանակներում: Այնտեղ իրականցվում են 5000 տոննայի փորձարարական քանակության նախապատրաստական աշխատանքները և նրա արդյունահանման փորձարարական աշխատանքները»,- սույն թվականի օգոստոսի 21-ին Մեղրասարի նախագծի հասարակական լսումների ժամանակ ասաց «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Մեժլումյանը: Այսպիսով, «Ատ Մետալս» ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ խախտվել են վերոնշյալ օրենքների դրույթները, ինչի համար ընկերությունը պատասխանատվության չի ենթարկվել:

Նախագծում ոչինչ նշված չէ հանքավայրում ուրանի հնարավոր առկայության մասին, ռադիացիոն ռիսկերի մասին: Մինչդեռ Գ.Պ Ալոյանի  «Ураноносность геологических формаций Армении» գիտական աշխատության մեջ գրված է. “…Характерным геотипом Мегринского разреза является месторождение урановых руд Семизбай, Казахстан…Вышеизложенный материал и результаты специальных металлургических опытов, с учетом литературных и фондовых материалов, дают нам основание рассматривать весь Мегринский разрез вместе с подстилающими ее гранитоидами Мегринского плутона как перспективное на золото-уран-редкометалльное оруденение с огромным потенциалом крупного месторождения типа Au-U-S(Fe)”.  (стр.  63, 65.  Г.П. Алоян, Ереван, ГЕОИД, 2010):

Հանքավայրն աշխատելու է տարին 305 օր, եւ ամեն օր իրականացվելու են պայթեցման աշխատանքներ` շրջակա միջավայր արտանետելով վնասակար նյութեր: Ըստ նախագծի` բացահանքի 50 000 տ/տարի արտադրողականության դեպքում արտանետումների ընդհանուր քանակը կկազմի 252.687 տ/տարի, որից 82.15 տ/տարի պայթեցման աշխատանքներից:  Ինչպես եւ մյուս հանքավայրերի շահագործման նախագծերում, փոշու մեջ տոքսիկ նյութերի եւ ծանր մետաղների պարունակությունը նշված չէ` չնայած որ հենց դրանք են անդառնալի վնաս պատճառում շրջակա միջավայրին` ջրային ռեսուրսներին, հողերին, մարկանց առողջությանը:

Հանքավայրը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում, սակայն նախագծում ոչինչ նշված չէ, թե երկրաշարժի դեպքում ինչ միջոցառումներ են իրականացվելու` վնասը նվազեցնելու համար եւ որտեղից է գումար վերցնելու այդ միջոցառումների համար:

Նախագծում նշված է, որ կենցաղային կեղտաջրերի համար նախատեսված է 25մ3 ծավալով բետոնե լցարան, որտեղից կեղտաջրերը աղբահան մեքենայով պարբերաբար (ամիսը մեկ) տեղափոխվելու են մոտակա մաքրման կայան: Նշված չէ, թե ինչ մաքրման կայան է տեղափոխվելու եւ նշված չէ, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում վթարի դեպքում: Ընդհանրապես Հայաստանի մաքրման կայանները կատարում են մեխանիկական մաքրում, այլ ոչ քիմիական: Նախագծի համաձայն` լցարանից  մաքրման կայան տեղափոխվող կեղտաջրերում աղտոտող նյութերի քանակը կազմելու է  տարեկան 176.6 կգ: Հնարավոր վթարի կամ արտահոսքերի դեպքում այդ նյութերը հայտնվելու են շրջակա միջավայրում եւ Մեղրի գետում, որի ջրով տեղի համայնքները ոռոգում են իրականացնում:

Նախագծում գնահատված չեն ոչ բուսական եւ կենդանական աշխարհի վրա, ոչ Մեղրի գետի վրա հանքավայրի ազդեցության ռիսկերը»:

Հոկտեմբեր 24, 2014 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր