Ողջի գետը կարող է անհետանալ հանքարդյունաբերության պատճառով (լուսանկարներ)

Ողջի գետը կարող է անհետանալ հանքարդյունաբերության պատճառով (լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Սյունիքի մարզի Ողջի գետը մնացել է գրեթե առանց ջուր: Այս պատկերը ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ՀՀ Սյունիքի մարզ այցի ժամանակ:

Ողջի գետը գտնվում է հանքարդյունաբերության, ոռոգման եւ փոքր ՀԷԿ-երի ճնշման տակ: Այցելության ժամանակ փոքր ՀԷԿ-երն աշխատում էին ոչ ամբողջ հզորությամբ, իսկ «Ձագեձոր» փոքր ՀԷԿ-ը չէր աշխատում ջրի սակավության պատճառով: Ոռոգման սեզոնն ավարտված է, եւ ոռոգման համար ջուր չի վերցվում: Մնում է միայն հանքարդյունաբերությունը:

2014 թվականին հրապարակած «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Ողջիի գետավազան. ճնշում-ազդեցություն վերլուծություն» փաստաթղթի համաձայն՝ տնտեսական գործունեության արդյունքում Ողջի գետի էկոլոգիական հոսքը նվազել է 180 անգամ: «Մեծ ջրառի արդյունքում Ողջի գետի Քաջարան քաղաքի հատվածում օգոստոսից մինչեւ փետրվար չի պահպանվում էկոլոգիական հոսքը: Օգոստոսից փետրվար ամիսների համար գետի էկոլոգիական հոսքը հաշվարկվել է 0.18մ3 /վրկ, մինչդեռ հոսքը դիտվել է 0,001մ 3 /վրկ»,- նշված է փաստաթղթում:

Ըստ աշխարհագրագետ Լեւոն Գալստյանի. «Այս հատվածում Ողջի գետը գրեթե ջրազրկված է, ամենայն հավանականությամբ, վերևից կատարվող ջրառների հետևանքով: Մեր ունեցած տվյալներով՝ հիմնականում ջրառը կատարում է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և գետը փաստորեն հայտնվում է այս վիճակում»:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է մոտակա ժամանակաշրջանում ավելացնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի արդյունահանման ծավալները` հասցնելով տարեկան 22 միլիոն տոննայի: Դրա համար   հարստացուցիչ ֆաբրիկայի եւ բացհանքի կարիքների համար օգտագործվելու են Ողջի, Գեղի եւ Սակքար գետերի ջրերը: Տարեկան ջրի պահանջը կազմելու է 68.82 միլիոն խմ: Այս պարագայում Ողջի գետը չի կարողանա ջրով ապահովել ոչ փոքր ՀԷԿ-երին, ոչ ոռոգման համակարգին: Այս պարագայում էկոլոգիական թողքի և էկոհամակարգային հավասարակշռության մասին խոսք լինել չի կարող:

 
 
 


Դեկտեմբեր 07, 2015 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր