

ԷկոԼուր
Վերջին երկու տարում Կապանը եւ նրա շրջակայքը (Սյունիքի մարզ) ամենաքիչը 6 անգամ հայտնվել է արդյունաբերական ձեռնարկությունների վթարների ներքո: 2010թ. նոյեմբերին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչատար խողովակաշարի վթարի արդյունքում աղտոտվեց անդրսահմանային Ողջի գետը: Վնասը գնահատվեց 650 000 դրամ, իսկ տուգանքը կազմեց 100 000 դրամ: 2011թ. ԶՊՄԿ-ի պոչերը լցվեցին կիրճը եւ հասան մինչեւ Շղարշիկ համայնք (վնասի եւ տուգանքի չափը մեզ հայտնի չէ): 2011թ. ամռանը Կապանից 3 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիք գյուղի 5 բնակիչներ «ԷկոԼուր»-ի աշխատանքային խմբին ցույց տվեցին իրենց տնամերձ հողատարածքները, որոնց վրա լցվել էին պոչերը: Արտանետումների պատճառն անհայտ մնաց, քանի որ պաշտոնական մարմինները` մասնավորապես բնապահպանական տեսչությունը, բնակչության բողոքներին չարձագանքեց: 2012թ. օգոստոսին ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարի վթարի արդյունքում Կապան քաղաքի միջով հոսող Ողջի գետ լցվեց պաշտոնական տվյալներով 28 տոննա պոչ (38 տոննա պաշտոնապես արձանագրված պոչերից): Վնասի չափը կազմեց 294 000 դրամ:
Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը պատկանում է «Deno Gold Mining» ընկերությանը, 2012թ. երկու անգամ է պոչերով աղտոտել Կապանի շրջակայքը: 2012թ. նոյեմբերի 15-ի վթարի արդյունքում պոչերը թափվել էին Կապան-Ծավ ճանապարհահատվածի առաջին կիլոմետր տարածքում: Վնասի չափը կազմել է 2 880 000 դրամ (առաջին վթարի համար նշանակված տուգանքը մեզ հայտնի չէ):
Իրավիճակով անհանգստացած է Կապանի նոր քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Քաղաքի պաշտոնական www.kapan.am կայքում նա հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Մոտ ժամանակներս նախատեսել ենք հանդիպում կոմբինատի պատասխանատուների հետ (ԷկոԼուր` ի նկատի ունի «Deno Gold Mining» ընկերությանը), որի ընթացքում առաջնահերթ կքննարկենք ձեռնարկության կողմից իրականացվող արտադրական պրոցեսի ընթացքում առաջացող արտադրական վթարների ռիսկերի նվազեցման հարցը: Գաղտնիք չէ, որ նման վթարների հետեւանքները կարճ ժամանակում ամբողջովին վերացնել հնարավոր չի լինում, ինչն էլ դառնում է լուրջ բնապահպանական խնդիր»:
Նոյեմբեր 22, 2012 at 12:58
