

ԷկոԼուր
Հայաստանի 16 գետ ունի 5-րդ աստիճանի ամենաբարձր աղտոտվածություն: Այս մասին վկայում են Բնապահպանության նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի վերջին տվյալները (2018 թ-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ):
Հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված գետերով առանձնանում են Սյունիքի և Լոռու մարզերը:
Սյունիքի մարզում հոսող Աճանան (Նորաշենիկ) գետն ունի 5-րդ՝ ամենավատ դասի աղտոտվածություն: Հիմնական աղտոտիչներն են մոլիբդենը, վանադիումը, կալիումը, ծարիրը, սուլֆատ իոնը: Տարիներ շարունակ Սյունիքից պարբերաբար հնչել են ահազանգեր, որ Աճանան գետն աղտոտում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարը:
Կոմբինատն ազդեցություն է գործում նաև Ողջի գետի վրա, որը Քաջարանից ներքև հատվածում մոլիբդենի բարձր պարունակության հետևանքով ունի 5-րդ դասի աղտոտվածություն: Նույն մակարդակի աղտոտվածություն գետն ունի նաև Կապանի օդանավակայանից ներքև հատվածում՝ հիմնականում մանգանի, կոբալտի բարձր պարունակության հետևանքով:
5-րդ դասի աղտոտվածություն ունեն նաև Կարճևան և Մեղրիգետ գետերը, որոնք աղտոտվում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և այլ առկա հանքարդյունաբերական օբյեկտների գործունեության արդյունքում: Կարևճանը՝ գետաբերանի հատվածում ունի բարձր աղտոտվածություն՝ ամոնիում իոնի, մոլիբդենի, կալիումի, նատրիումի պարունակությունների հետևանքով: Մեղրիգետի հիմնական աղտոտիչն էլ Մեղրիից վերև հատվածում մանգանն է:
Լոռու մարզում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Դեբեդ, Շնող, Ախթալա, Փամբակ, գետերը: Դեբեդի, Շնողի ու Ախթալայի վրա ազդեցություն են գործել և գործում Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը (ներկայում չի աշխատում):
Համայնքների կողմից գետերի աղտոտման արդյունքում 5-րդ դասի աղտոտվածություն ունեն Սյունիքում հոսող Վարարակ գետը, Երևանի միջով հոսող Հրազդանն ու Գետառը, Շիրակի մարզում` Կարկաչունը, Արմավիրի մարզում՝ Մեծամորը, իսկ Արագածոտնի մարզում՝ Քասախն ու Գեղարոտը:
Նոյեմբեր 21, 2018 at 15:19