Արմեն Դավթյան, «Նոյյան Տապան»
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) 1526 աշխատակիցների մեծ մասը նոյեմբերի 8-ից հայտարարել է անժամկետ գործադուլ: Պատճառը ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետայի նոյեմբերի 7-ի հայտարարությունն է, ըստ որի միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների անկման պատճառով նախատեսվում է կրճատել ձեռնարկության աշխատակիցների 60%-ին, իսկ մյուսների աշատավարձն էլ 40%-ով իջեցնել:
Արհեստակցական կազմակերպության նախագահ Սուրիկ Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված գործադուլային կոմիտեն աշխատակիցների պահանջները ներկայացրեց ձեռնարկության տնօրինությանը: «Աշխատատեղերի պահպանում, ոչ աշխատավարձի իջեցմանը, ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ: Նշված կետերը չկատարելու դեպքում պահանջում ենք Ձեր ու Ձեր անձնակազմի հրաժականը»,- գործադուլային կոմիտեն նման բովանդակությամբ պահանջագիր ներկայացրեց Ռ.Ֆալլետային: Վերջինս, ըստ գործադուլային կոմիտեի, չխոստացավ կատարել այդ կետերն ու բացառեց իր հրաժարականը:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրինությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 13-ից կրճատվելու է 148 մարդ, իսկ 200 աշխատակցի հետ էլ չեն երկարաձգվելու պայմանագրերը:
Հավելենք նաեւ, որ ՀՀ վարչապետի կարգադրությամբ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը եւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը գործուղվել են Կապան, Քաջարան, Ագարակ` լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Նոյեմբեր 10, 2008
