Ինգա Զարաֆյան «Էկոլուր»
Սևանում ոսկու արտահանման ձեռնարկության կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հրավիրել է բնապահպան հասարակայնության ներկայացուցիչներին, քննարկելու «Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) նոր տերերի՝ «Մադնեուլի» բաժնետիրական ընկերության կողմից ոսկու նոր արտահանման ձեռնարկության կառուցման հարցը, եվ իր անհանգստությունը հայտնեց այդ կապակցությամբ:
Ներկաներից շատերը խիստ բացասական մոտեցում ցուցաբերեցին: Ամենագլխավոր փաստարկն այն է, որ «Սևանի մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում Սևանա լճի ավազանում իրականացնել լճի գոյությանը սպառնացող գործունեություն:
Հիմնական սպառնալիքը ամենաթունավոր նյութերի դասին պատկանող ցիանիդներն են, որոնք օգտագործվում են ոսկու արտահանման տեխնոլոգիաներում: Հիշեցնենք, որ ԱՈԱՁ-ի նախկին տերերի՝ հնդկական «Vedanta Resources» ընկերության նախագիծը մերժվել է պետական բնապահպանական փորձաքննության կողմից, չնայած այն հավաստիացումներին, թե ցիանիդների համար կկառուցվի անվտանգության բոլոր նորմերին համապատասխանող գերեզմանոց:
Այսպես, նման օբյեկտի նկատմամբ ցանկացած տեխնոգեն վթար կամ տեռորիստական ակտ կարող է ուղղակիորեն ոչնչացնել Սևանա լիճը Կովկասյան տարածաշրջանի ջրային ռազմավարական ռեզերվուարից վերածելով այն 34,860 միլիարդ խմ ծավալով թունավոր ռեզերվուարի: Սևանի պահպանման համար արդեն իսկ ծախսվել են միլիարդավոր դոլլարներ: Լճի թունավորման դեպքում այդ ծախսերը զրոյի կհավասարվեն: Իսկ պետբյուջեն ոսկու արտահանումից կստանա մինիմալ վճարներ: Քննարկման ընթացքում պարզ դարձավ նաև, որ ընկերությունը պատրաստվում է շահագրգիռ կողմերի համար ճանաչողական այցելություն կազմակերպել, որպեսզի ապացուցի նոր տեխնոլոգիաների առավելությունը եվ կառուցման անվտանգությունը: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջև էլ դրված է գիտնականների մասնակցության հարցը: ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի հանձնաժողովը քննարկել է այդ առաջարկությունը, սակայն դեռ ոչինչ չի որոշել:
ԱՈԱՁ-ի նոր տերը «Մադնեուլի» բաժնետիրական ընկերությունն է, որը «GeoPromMining» միջազգային հոլդինգի մասն է: «Մադնեուլի» բաժնետիրական ընկերության հետևում կանգնած է ռուսական ՊՌՈՄԻՆՎԵՍՏ բանկը:
Մեր տեղեկությունների համաձայն ընկերությունը մտադիր է կառուցել ձեռնարկությունը հենց Սևանա լճի ավազանի տարածքում՝ Սոդքում, քանի որ ֆաբրիկայի ավելի քան 40կմ հեռավորությունը ոսկու արտահանման վայրից ընկերությունը համարում է ոչ շահութաբեր:
Հուլիս 22, 2008