Բնակիչները փակել են Ջերմուկ առողջարանային քաղաք տանող ճանապարհը (լրացված)

Բնակիչները փակել են Ջերմուկ առողջարանային քաղաք տանող ճանապարհը (լրացված)

Վայոց ձորի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ պայմանավորված Ամուլսարի ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներով: Տեղի բնակիչները փակել են Ջերմուկ առողջարանային քաղաք տանող ճանապարհը, քանի որ նրանց պահանջները չեն կատարվել: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայակական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:

Բնակիչները պահանջում են.
• ՀՀ կառավարությունը պետք է անվավեր ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացությունը
• Պահնորդական ընկերությունը, որը կոչված է իրականացնելու «Լիդիան Արմենիա»-ի գույքի պահպանություն, պետք է լքի տարածքը, քանի որ պահնորդները զինված են մետաղյա իրերով, շղթաներով
• «Լիդիան Արմենիա» ընկերության տեղադրած տնակները պետք է 30 մետրով հետ տեղափոխվեն դեպի Ամուլսարի ծրագրի տարածք՝ ազատելով ճամփեզրը:
Իրավիճակը կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ օգոստոսի 4-ի գիշերը Ամուլսարի պահապանների երկրորդ պահակակետի վագոն տնակները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ցուցումով տեղափոխվեցին դիմացի ճամփեզր և տեղադրվեցին ընկերության տնակները։

Ըստ ԷկոԼուրի աղբյուրի՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են բնակիչներին, որ ընկերությունը վարձակալել է ճամփեզրի հատվածը: Բնակիչները պահանջում են ներկայացնել վարձակալության փաստաթղթերը հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, որ 2019թ-ի հունիսին որակավորված մասնագետն իրականացրել է գույքային միավորների նշահարում տեղանքում և եզրակացություն տվել, որ Ամուլսարի պահապանների վագոն տնակները չեն գտնվում ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում:
Օրվա ընթացքում տեղի ունեցան բախումներ: Կան բերման ենթարկվածներ ինչպես պահնորդներից, այնպես է Ամուլսարի պահապաններից:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ:

Քիչ առաջ բնակիչները բացեցին Ջերմուկ տանող ճանապարհը: Իրենց պայքարը կշարունակեն վաղը:

Մանրամասները՝ Լևոն Գալստյանի և Թեհմինե Ենոքյանի տեսանյութերում



Օգոստոս 04, 2020 at 23:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր