Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի վտակը հերթական հորդառատ անձրևից հետո կրկին դեղնադարչնագույն երանգ է ստացել: Օգոստոսի 2-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, բարձրաձայնելով խնդրի մասին, իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեբեդ գետը շարունակաբար աղտոտովում է. Արամյանցի դղյակին կից թափոնակույտից, Նահատակի պոչամբարից: Մի աղտոտիչն էլ հանդիսանում է Մադանից իջնող Դեբեդի վտակը, որտեղ կան հին հանքախորշեր և դրենաժային գործընթաց է տեղի ունենում: Յուրաքանչյուր անձրևից հետո այստեղ այսպես ակտիվանում է և դեղին ջրերը խառնվում են Դեբեդին, հագեցնում այն ծանր մետաղներով, ուղղում դեպի ոռոգման համակարգ, դեպի գյուղատնտեսական հողեր»,- իր կողմից հրապարակված տեսանյութում նշել է Օլեգ Դուլգարյանը:
Վերջինս նաև կոչ է արել բոլոր պատկան մարմիններին ուշադրություն դարձնել այս խնդրի վրա. «Անհրաժեշտ է՝ բոլոր լքված պոչամբարների, հանքավայրերի համար համայնքները, Կառավարությունը կազմեն հստակ ծրագրեր, մշակեն ռազմավարություններ, փնտրեն միջոցներ....»:
Լուսանկարը և տեսանյութը՝ Օլեգ Դուլգարյանի
Օգոստոս 03, 2020 at 14:59