Առաջիկա երեք ամիսներին Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, եւ Ագարակ քաղաքների լեռնահանքային ձեռնարկությունների աշխատակիցներին կրճատումներ չեն սպառնում:
Կարդացե՛ք այս թեմայի մասին պատմող հայկական տեղեկատվական գործակալությունների նյութերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Սուսաննա Տոնոյան, «Նոյյան Տապան»
Առաջիկա երեք ամիսներին Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, եւ Ագարակ քաղաքների լեռնահանքային ձեռնարկությունների աշխատակիցներին կրճատումներ չեն սպառնում: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի որոշ ձեռնարկությունների աշխատակիցներ հայտարարել են գործադուլ կազմակերպելու մասին եւ բողոքում են ղեկավարության կողմից աշխատավարձերի նվազեցման եւ համատարած կրճատումների դեմ: Վարչապետի կարվադրությամբ Ա.Մովսիսյանը աշխատանքի ու սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարների հետ նոյեմբերի 10-ին գործուղվել էր Սյունիք` ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Ա. Մովսիսյանը նշեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել հանքարդյունաբերության վրա, ինի արդյունքում Քաջարանի, Կապանի եւ Ագարակի կոմբինատները ներկայումս ֆինանսական դժվարություններ ունեն: Ըստ նախարարի, նշված ձեռնարկությունների սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ առաջիկա երեք ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու եւ հնարավորինս պահպանվելու է աշխատավարձի չափը: Իսկ երեք ամիս հետո դարձյալ կվերլուծեն իրավիճակը եւ նոր որոշում կկայացվի:
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՈՉ ՄԻ ԿՐՃԱՏՈՒՄ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Panorama.am
Առաջիկա երեք ամիսների ընթացքում Սյունիքի մարզում` Կապան, Քաջարան, Ագարակ, լեռնահանքային արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին կրճատում չի սպառնում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ներկայացնելով նոյեմբերի 10-ին Սյունիքի մարզ կատարած գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 7-ի որոշմամբ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների, աշխատանքի ու սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարներին նոյեմբերի 10-ին գործուղղվել են Կապան, Քաջարան, Ագարակ` լեռնահանքային արդյունաբերությունում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով: Սյունիքի մարզի որոշ ձեռնարկություններում աշխատողները «սպառնում» էին գործադուլ հայտարարել և բողոքում են ղեկավարության կողմից աշխատավարձի նվազեցման և համատարած կրճատումների համար:
«Համաշխարհային ճգնաճամն իր ազդեցությունն է ունեցել աշխարհի հանքարդյունաբերության վրա, ինչն էլ իր ազդեցությունն է թողնել հայկականի վրա. Քաջարանի, Կապանի, Ագարակի կոմբինատները հայտնվել են ժամանակավոր ֆինանսական դժվարությունների մեջ: Սեփականատերերի հետ համաձայնության ենք եկել` առաջիկա երեք ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու և հնարավորինս պահպանվելու է աշխատավարձի չափը: Երեք ամիս անց կրկին կվերլուծենք իրավիճակն ու այդ ժամանակ նոր որոշում կկայացնենք»,-ասաց Ա. Մովսիսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ այս հարցը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է լինելու, լրացուցիչ աշխատատեղեր բացելու համար իրականացնելու են օպերատիվ միջոցառումներ` մշակելու են նոր բիզնես ծրագրեր, նոր ներդրումներ են կատարելու գյուղատնտեսության մեջ: «Ժամանակավոր դժվարությունները պետք է հավասարապես կիսենք` կառավարություն, սեփականատեր ու կոլեկտիվ»,-ասաց Տ. Սարգսյանը:
Անդրադարձ. «Հայաստանի ֆինանսական համակարգը բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի ցանկացած արտաքին ֆինանսական ռիսկերին դիմակայելու համար: Այս առումով կարելի է հանգիստ լինել, որ երկրի ֆինանսական համակարգը չափազանց դրական և կայուն ցուցանիշներ է ցուցաբերում»,-սրանք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերն են, որոնք նա հնչեցրել էր գրեթե մեկ ամիս առաջ:
Նոյեմբեր 13, 2008
