Նելլի Դանիելյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն
Բնապահպանական հասարակական կազմակերպություններն անհանգստացած են վերջին շրջանում մամուլում եւ պետական ատյաններում հնչող այն տեսակետից, թե իրենց գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը: Օրհուս կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում վերջիններս փորձում էին պարզել, թե որտեղ է անվտանգության սահմանը եւ որ տեղեկատվությունն է, որի տարածումը կամ հրապարակումը կարող է վնասել երկրի շահերին:
Լրտեսության եւ գրանտակերության մեղադրանքները Հասարակական կազմակերպությունների հասցեին, վերջիններիս համոզմամբ ոչ այնքան վիրավորական, որքան վտանգավոր են: Նման եզրակացության վերջիններս հանգել են վերլուծելով տարբեր ատյաններից պարբերաբար հնչող մեղադրանքները: Հասարակական կառույցների ներկայացուցիչները մտահոգ են, որ այսպիսով փորձ է արվում իրենց գործունեության սահմանափակման հիմքեր պատրաստել:
Կարինե Դանիելյան, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ. «Էդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ֆոնդերը, երբ ֆինանսավորում են բնապահպանության նախարարությանը, դա լավ է, երբ ՀԿ-ներին են կոպեկներ տալիս, ուրեմն տեռորիստ են, լրտեսներ են»:
Կարեն Մանվելյան, Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն. «Պատվեր է հստակ: Թե ում կողմից է գալիս, չգիտեմ, բայց մենք եւս մեր գրասենյակում այդ ճնշումները զգացել ենք»:
Ելույթ ունեցողներից շատերը բերեցին նաեւ իրենց աշխատանքը սահմանափակելու, տեղեկատվություն չտրամադրելու կոնկրետ օրինակներ: Նետված քարերը Բնապահպանության նախարարության կողմ էին, ուստի հանդիպմանը ներկա միակ պետական ներկայացուցիչն ստիպված էր հավաստել, որ զրպարտության պատվիրատուն իրենց գերատեսչությունը չէ:
Արծրուն Պեպանյան, ԲՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ.ՙՄենք միայն դրական աջակցության ենք զգացել ՀԿ-ների կողմից: Մեզ զգաստացնելու, հուշելու, օգնելու բնապահպանական խնդիրների լուծման, հանրությանը իրազեկելու առումով՚:
Ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքներին, բնապահպանները վկայակոչում են պետական գաղտնիքը պաշտպանող օրենքները: Ներկաները նշեցին նաեւ, որ այս պատճառաբանությամբ, երբեւէ մերժում չեն ստացել պետական կառույցներից: Իսկ Կարինե Դանիելյանը վկայակոչեց Ազգային Անվտանգության ռազմավարությունը:
«Ազգային անվտանգությունը ենթադրում է, որ ժողովրդավարությունը պետք է զարգանա Հայաստանում, Էկոլոգիական տեղեկատվությունը պետք է տրամադրվի հասարակությանը եւ հասարակությունը պետք է մասնակցի էկոլոգիական խնդիրների լուծմանը»:
Իսկ թե ինչո՞ւ են այդ տեղեկատվությունը տարածող ՀԿ-ներին մեղադրում հայրենիքի դավաճանության համար, հավաքվածները համակարծիք են. դա հիմք է ստեղծում հետագայում սահմանափակելու հասարակական կառույցների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ավելին, հանդիպման ընթացքում կարծիք հնչեց, թե համապատասխան օրենքում փոփոխությունն արդեն պատրաստվում է:[pP]>skins free download wmp
Նոյեմբեր 11, 2008
