

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պարզելու հանքարդյունաբերական ընկերությունների հաշվետվությունների նախարարության կայքում հրապարակված չլինելու պատճառը և արդյոք գործունեություն չծավալած հանքարդյունաբերական ընկերությունների ստացած դրական եզրակացություններն ուժը կորցրած ճանաչվել են, թե՝ ոչ :
Հարցման մեջ նշված է.
«Հարգելի պարոն նախարար,
ՀՀ կառավարությունը 2018թ. փետրվարի 22-ին ընդունել է «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 191 - Նորոշումը։ Ըստ որոշման՝ հաշվետվությունները պետք է ներառեն շրջակա միջավայրի բոլոր բնական բաղադրիչների՝ հողային ծածկույթի, մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, բուսական ծածկույթի և կենդանական աշխարհի կրած ազդեցությունների վերաբերյալ ընդեքօգտագործողի կողմից իրականացված մշտադիտարկումների տվյալները՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրով, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծով, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտով և ազդեցության գնահատման հաշվետվությամբ ամրագրված ցուցանիշների հիման վրա։ Այդ հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով պետք է ներկայացվեն ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին և տեղադրվեն այդ մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում։
Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության http://www.mnp.am/am/pages/233 կայքի՝ 2018-2019թթ. հաշվետվություններ են ներկայացրել մետաղական հանքավայրեր շահագործող հետևյալ ընկերությունները՝
- «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ - 2018թ. երկրորդ և երրորդ եռամսյակների և 2019թ. առաջին եռամսյակի համար
- «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ («ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ) - 2018թ. երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակների, ինչպես նաև 2018թ. տարեկան, 2019թ. առաջին և երկրորդ եռամսյակների համար։
- «ԼԻՃՔՎԱԶ» ՓԲԸ – 2018թ. երկրորդ, երրորդ եռամսյակների և 2018 տարեկանի համար
- «ԼԻԴԻԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ- 2018թ. երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակների համար։
Սակայն, ըստ www.eiti.am կայքի, տարեկան ՀՀ պետական բյուջե 150,0 մլն. դրամին համարժեք կամ դրանից բարձր հարկեր և վճարումներ կատարած կազմակերպությունների թիվը ՀՀ-ում 11-ն է, իսկ ընդհանուր առմամբ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների թիվը կազմում է 23։
Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը, խնդրում ենք հայտնել՝
1. Բոլո՞ր կազմակերպություններն են ծանուցվել հաշվետվություններ ներկայացնելու իրենց պարտավորությունների մասին և ինչո՞վ է հիմնավորված հիմնական հաշվետվությունների բացակայությունը։
2. Քանի որ համաձայն https://reports.eiti.am/hy/ կայքի, փորձաքննական եզրակացության տրվելուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չեն իրականացրել, ապա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն ուժը կորցրած ճանաչվե՞լ են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետևյալ դրական եզրակացությունները՝
- 19.09.2015թ. «Բակտեկ էկո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արջուտի ոսկու հանքավայրի վերամշակման և ֆաբրիկայի կառուցման և շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության (ՇՄԱԳ) վերաբերյալ» թիվ ԲՖ 74։
- 21.12.2015թ «Թաթսթուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» ԲՓ 96։
- 29.06.2017թ «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական ԲՓ 60»։
Օգոստոս 09, 2019 at 18:16
