Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 12՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 12՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում: 

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Լոռու մարզում Մղարթի ոսկու հանքավայրը շահագործող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հայտարարագրին: 

«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն գրանցվել է 1998 թ-ի փետրվարի 26-ին: Հայտարարագրում բացահայտված է միմյանց հետ փոխկապակցված երեք իրական սեփականատեր, որոնցից երկուսը համատեղ տիրապետում են ընկերության բաժնեմասի ամբողջ փաթեթին:

Առաջին իրական սեփականատերը քաղաքական ազդեցություն ունեցող անձ է: Խոսքը հայ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մասին է:

Նրան է պատկանում ընկերության բաժնեմասի 65.83 %-ը, որը գործարար պատգամավորը ձեռք է բերել 2002 թ-ի նոյեմբերի 5-ին: Ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ունի ուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված ֆիզիկական անձի կամ անձանց հետ համատեղ:

Ըստ հայտարարագրի՝ նա ստանում է ընկերության տարեկան հասույթի առնվազն 15%-ը, իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց:

Երկրորդ իրական սեփականատերը Գագիկ Ծառուկյանի հորեղբոր որդին է՝ Սամվել Ծառուկյանը: Վերջինս 2018 թ-ի մայիսի 23-ին ձեռք է բերել ընկերության բաժնեմասի 34.17%-ը: Նա ևս ընկերությունում ունի ուղղակի մասնակցություն՝ փոխկապակցված ֆիզիկական անձի կամ անձանց հետ համատեղ:

Երրորդ իրական սեփականատերը «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն է:

Միջանկյալ ընկերություններ չեն գործում:

 

Հունիս 01, 2020 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր