ԷկոԼուր
Ի պատասխան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի` Ախթալա համայնքում առկա թափոնակույտերի խնդրի վերաբերյալ առաջարկի` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հունիսի 10-ի թիվ ԼՇ/26.2/15751-2020 նամակով հայտնել է.
«Հայտնում ենք, որ Ախթալայի համայնքում առկա թափոնակույտերի հետ կապված խնդիրների և համայնքը թափոնակույտերից մաքրելու ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ձեր առաջարկությունը բազմակողմանիորեն քննարկվել է ՀՀ ֆինանսների, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ.
- 2018-2019թթ.-ին շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ տարածքի ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի, փակված պոչամբարների ուսումնասիրություն, թափոնների և հողային զանգվածի նմուշառում: Աշխատանքները ներառել են նաև Նազիկ փակված պոչամբարը, պոչամբարին կից տարածքներում կուտակված թափոնները: Նազիկ պոչամբարի տարածքի հողային ծածկույթից վերցված նմուշներում արձանագրվել են վանադիումի, քրոմի, նիկելի, պղնձի, մկնդեղի և կապարի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ (համադրումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.003-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 01 հրամանով սահմանված ցուցանիշների հետ): Աշխատանքների արդյունքները ներկայացվել են: Դաշտային ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է Ախթալա գետին հարակից հատվածում՝ փակված պոչամբարում, կուտակված թափոնները վրածածկող և թափոնների տարածումը կանխող հողային շերտի բացակայությունը: 2020 թվականին Նազիկ պոչամբարի տարածքում վերականգնողական, պոչամբարում կուտակված թափոնների շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման հարցը ներկայացվել է 2021-2023 ՄԺԾԾ հայտի շրջանակներում:
- Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի 7-րդ համալրման երկրներին տրամադրվող աջակցության շրջանակներում դրամաշնորհային օժանդակություն ստանալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է «Տարախոտային անտառների էկոհամակարգի վերականգնում Դեբեդ գետի վերին հոսանքի ավազանի ընդերքօգտագործման արդյունքում խախտված լանդշաֆտներում» ծրագրային գաղափարի առաջարկը, որը տարածվում է նաև Նազիկ պոչամբարի տարածքի վրա։
Հաշվի առնելով վերոգրյալը և գերատեսչություններից ստացված կարծիքները՝ հայտնում ենք, որ ներկայումս տարվում են աշխատանքներ Ախթալա համայնքում առկա ընդերքօգտագործման թափոնների տարածքների վերականգնման նպատակով մշակված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման ուղղությամբ, ուստի այս փուլում աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա։
Ձեր կողմից ֆինանսավորմամբ հստակ ծրագրեր ներկայացնելու դեպքում պատրաստակամ ենք քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները»:
Հունիս 30, 2020 at 15:29