ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՅՏ Է

News.am

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարման մասին առայժմ որեւէ բան հստակ չէ: Նա այժմ արձակուրդում է եւ կվերադառնա օգոստոսի 19-ին: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, մեկնաբանելով  մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Արամ Հարությունյանին հանրապետության նախագահը պետք է շուտով պաշտոնանկ անի, ասաց. «Մենք այսօր՝ օգոստոսի 9-ին, գործակարգավարական խորհրդակցություն ենք անցկացրել առաջին փոխնախարարի ղեկավարությամբ եւ նախարարության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ, եւ ես չլսեցի որեւէ մեկից շշուկ կամ ակնարկ այն մասին, որ նման պրոբլեմ կա: Նախարարության միջանցքներում նման խոսակցություններ չկան»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նախագահ Սերժ Սարգսյանը դեռ տարեսկզբին ՀՀԿ-ում մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե կաշառակերության մեջ մեղադրվող բնապահպանության նախարարության աշխատակիցների դատավճռից հետո պետք է պաշտոնանկ անի Արամ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավության դատարանը կաշառառության մեջ մեղադրվող Բնապահպանության տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին դատապարտվել է 7, իսկ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանին` 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից կաշառք վերցնելու մեջ, որպեսզի պակասեցնեն այդ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները:

ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՆԻ՞

www.zhamanak.com

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը հայտնվել է մազից կախված վիճակում: ՀՀԿ մեր աղբյուրների համաձայն` Սերժ Սարգսյանը դեռ տարեսկզբին ՀՀԿ-ում մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե կաշառակերության մեջ մեղադրվող բնապահպանության նախարարության աշխատակիցների դատավճռից հետո պետք է պաշտոնանկ անի Արամ Հարությունյանին: Նա, չթաքցնելով Արամ Հարությունյանի հանդեպ դժգոհությունը, ասել էր, թե նրան պաշտոնանկ անելու համար հիմքեր են հարկավոր, իսկ կաշառակերության մեջ մեղադրվող այդ մարդկանց դատավճիռը կլինի ամենալավ հիմքը: ՀՀԿ մեր աղբյուրները չեն կասկածում, որ Սերժ Սարգսյանը որոշ ժամանակ անց կիրականացնի իր խոստումը:

Օգոստոս 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր