ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Շրջակա միջավայրի աղտոտման պատճառահետևանքային կապի ապացույցները պետք է տրամադրեն նրանք, ովքեր աղտոտում են շրջակա միջավայրը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Շրջակա միջավայրի աղտոտման պատճառահետևանքային կապի ապացույցները պետք է տրամադրեն նրանք, ովքեր աղտոտում են շրջակա միջավայրը

Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, քիմիական նյութերի և թափոնների հարցերով հատուկ զեկուցող Մարկոս Օրելլանան (Marcos Orellana) առցանց խորհրդակցություն անցկացրեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայուն օրգանական աղտոտիչների վերացման միջազգային ցանցի (IPEN) ներկայացուցիչների հետ: Ինչպես նշեց IPEN-ի ներկայացուցիչ Օլգա Սպերանսկայան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երկարացրել է թունավոր նյութերի և թափոնների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատը:

Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանի IPEN-ի անդամները՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն (CCMS) և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:

«ԷկոԼուրը» և CCMS-ը հանդես եկան «Ծանր մետաղներով քիմիական աղտոտումը ոչնչացնում է շրջակա միջավայրը և առողջությունը. ահազանգ Հայաստանի լեռնահանքային Ախթալա համայնքից» ելույթով: Այն պատրաստվել էր չեխական «Առնիկա» ՀԿ-ի աջակցությամբ: Նրանք ելույթում, մասնավորապես, նշեցին.

- Հանքարդյունաբերական գործունեության պատճառով խախտվել է Հայաստանի տարածքի 0.33%-ը: Միևնույն ժամանակ, 1500 հա տարածք են զբաղեցնում պոչամբարները, որոնցում կուտակված է լեռնահանքային ձեռնարկությունների՝ ավելի քան 1 միլիարդ տոննա թափոն:

- Լոբբիստների կողմից սահմանված օրենսդրության պատճառով «աղտոտողը վճարում է» սկզբունքը Հայաստանում չի գործում:

- Կառավարությունը հավանություն է տալիս նույնիսկ անշահավետ հանքավայրերի շահագործման ծրագրերը, որտեղ 1 տոննա հանքաքարում ոսկու պարունակությունը 1 գ-ից  պակաս է (օրինակ՝ Ամուլսարի հանքավայր), ինչն անհնար կլիներ քիմիական աղտոտվածությունը սահմանափակող միջոցների դեպքում:

- Հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող այլ տարածքների նման Հայաստանի Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանը նույնպես աղտոտված է ծանր մետաղներով և թունավոր տարրերով:

- Հանքարդյունաբերության ազդեցության հետևանքով շրջակա միջավայրի քիմիական աղտոտման խնդիրն առնչվում է ՄԱԿ-ի՝ թունավոր նյութերի և թափոնների գծով հատուկ զեկուցողի մանդատի բոլոր առաջնահերթություններին՝ ազդեցություն երեխաների վրա, ազդեցություն աշխատողների իրավունքների վրա և քիմիական թունավոր նյութերից աշխատողների վրա ազդեցություն, բիզնեսի պատասխանատվությունը, տեղեկատվություն ստանալու և իրավական պաշտպանության միջոցների հասանելիության իրավունքը, տեղի բնակիչների իրավունքները:

- Առավել մտահոգիչ է քիմիական աղտոտվածության ապացուցված ազդեցությունը երեխաների վրա:

- «Արնիկա»-ի գիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ամենաթունավոր տարրերից մեկը՝ մկնդեղը, առկա է Ախթալայում գտնվող պոչամբարի շրջակայքում ապրող երեխաներից վերցված կենսանմուշներից 94%-ի մեջ:  Շրջակա միջավայրում` ջրի, հողի, նստվածքների և գյուղատնտեսական արտադրանքի մեջ, հայտնաբերվել է ոչ միայն մկնդեղի, այլև՝ առողջության համար վտանգավոր այլ տարրերի` կադմիումի, ցինկի, կապարի բարձր պարունակություն:

- Տեղացիները պնդում են, որ տառապում են գլխացավերից, և տարածում գտած քաղցկեղային հիվանդություններից:

- Հավերի ձվերում հայտնաբերվել են կայուն օրգանական աղտոտիչներ՝ դիօքսին և դիօքսինանման միացություններ:

- Մկնդեղի առկայության պարագայում հայտնաբերվել են երեխաների համար կանցերոգեն և ոչ կանցերոգեն ռիսկեր: Կադմիումի դեպքում երեխաների համար առկա է ոչ կանցերոգեն ռիսկ պոչամբարի մոտակայքում հետազոտված տեղանքներից մեկում:

- Մենք բարձրացնում ենք հանքարդյունաբերական ձեռնարկությունների ազդեցությունից տեղի բնակչության իրավունքները պաշտպանելու, աղտոտման մասին տեղեկատվության ավելացման հարցերը, առողջությանը և տնտեսություններին հասցված վնասի փոխհատուցման հնարավորությունների, պետական մարմիններին և լեռնահանքային ձեռնարկություններին՝ աղտոտումը վերացնելու գործընթացում ներգրավելու հարցերը:

Իր եզրափակիչ խոսքում դոկտոր Մարկոս Օրելլանան ասաց.

«Ներկայում ավելի ու ավելի շատ հողեր դիտարկվում են որպես ցանկացած տեսակի արդյունահանման համար դեպոզիտարիաներ, որոնք պետք է ամբողջությամբ օգտագործել՝ ուշադրություն չդարձնելով էկոլոգիական խնդիրների կուտակմանը: Պետք է խոսել պատասխանատու արդյունահանման մասին:

Նշվեց, որ երբեմն արդյունահանվում է միլիոնավոր տոննաներով հանքաքար 1 գրամ ոսկի ստանալու համար: Իհարկե, այնտեղ կա և՛ սնդիկ, և՛ ցիանիդ, և՛ այլ կայուն աղտոտիչներ: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ: Կարելի է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր այս եղանակով ձեռքբերված նյութերն արտահանում են՝ այդ կերպ ոտնահարելով մարդու իրավունքները: Սա հենց այն հարցն է, որը բարձրացնում է մարդու իրավունքների վերաբերյալ էքստերիտորիալ պարտավորություններ է առաջացնում:

Մենք տեսնում ենք, որ համաշխարհային տնտեսությունը զարգանում է, հասարակությունը, երկրները սերտորեն կապված են միմյանց հետ: Եվ, հետևաբար, մի երկրում մարդու իրավունքները կարող են մեկ այլ երկրում մարդու իրավունքների խնդրի պատճառը դառնալ: Ես ուզում եմ ավելին իմանալ այդ մասին: Ո՞ր երկրներն են ներկրում պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլ նյութեր: Հնարավո՞ր է ճնշում գործադրել այդ երկրների վրա: Տեսնել, թե ինչպես են մարդու իրավունքներն ազդում այդ գործունեության վրա: Բիզնեսն ի՞նչ պատասխանատվություն ունի մարդու իրավունքների տեսանկյունից: Բիզնեսը ներառում է ոչ միայն արդյունահանումն ու վերամշակումը, այլ նաև ոսկու կամ պղնձի մատակարարման շղթան: Անհրաժեշտ են ստուգումներ: Կարևոր է հիշել, որ մարդու իրավունքների մասին օրենսդրությունը պետությանը պարտավորեցնում է կատարել որոշակի գործողություններ: Սա բարձր մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության հստակեցված համակարգ է:

Շրջակա միջավայրի պաշտպանությունը պարզապես գեղեցիկ թռչունների պաշտպանությունը չէ: Դա տնտեսական գործունեություն է, արդյունաբերության աշխատանքն է: Եվ, իհարկե, կան շահույթով հետաքրքրվող խաղացողներ, կան քաղաքական գործիչներ, կան շատ շահագրգիռ ու ոչ շահագրգիռ կողմեր, ովքեր հայտնվում են այս խնդրի լուծման գործընթացում:

Պետք է բոլոր կողմերին ցույց տալ դեպի մաքուր էկոլոգիա արդար անցում կատարելու տարբերակը: Եվ դա պետք է կատարեն արտադրողները: Աղտոտումների պատճառահետևանքային կապի ապացույցը պետք է տրամադրեն ոչ թե համայնքները, որոնք փորձում են փրկել իրենց կյանքը, այլ նրանք, ովքեր թունավորում են շրջակա միջավայրը: Եվ դա արդարության հասնելու հիմքն է»:

Նոյեմբեր 30, 2020 at 14:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր