ՏՄՊՊՀ՝ մետաղական հանքեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռևս չի ծառայում իր նպատակին

ՏՄՊՊՀ՝ մետաղական հանքեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռևս չի ծառայում իր նպատակին

Մետաղական հանքեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռևս չի ծառայում իր նպատակին: Պատճառը հիմնականում օրենսդրական կարգավորումների բացերն են, որոնցից օգտվելով մի շարք ընդերքօգտագործող ընկերություններ հայտարարագրերը լրացնելիս թաքցրել են իրական սեփականատերերին՝ այդուանդերձ չխախտելով օրենսդրական պահանջները:  

Այս մասին նշված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հրապարակած «Հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները» փաստաթղթում: Այստեղ որպես խնդիր է դիտարկվել 10 տոկոսից ցածր բաժնեմասնակցության դեպքում իրական սեփականատերերի չբացահայտման հանգամանքը. «Իրական սեփականատերերի բաժնեմասնակցության ավելի ցածր շեմ չսահմանելու հիմնական պատճառն այն է, որ այն կարող է ծանրաբեռնել ընկերությունների՝ հայտարարագրի ներկայացման  հետ կապված վարչարարությունը, պայմանավորված մեծ թվով անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելու հետ, սակայն Հայաստանում իրական սեփականատերերի բացահայտման առաջին փորձը փաստում է, որ ընդերքօգտագործող ընկերությունների կողմից ներկայացված հայտարարագրերում իրական սեփականատերերի թվաքանակը չի գերազանցում 9 ֆիզիկական անձ»,- նշված է փաստաթղթում:

Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում մյուս խնդիրը հանձնաժողովը համարում է իրական սեփականատերերի մասնակցությունն ապահովող ընկերությունների՝ օֆշորային գոտիներում գրանցված լինելը. «ինչի պարագայում դժվարանում է իրական սեփականատերերի նույնականացման և  այլ ապրանքային շուկաներում դրանց ունեցած ազդեցության գնահատման գործընթացը»:

Հանձանաժողովն ընդգծել է նաև օրենքով սահմանված համակենտրոնացման վերաբերյալ  դրույթի չկատարումն ընդերքօգտագործողի կողմից: Համակենտրոնացում է համարվում տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմավորում կամ վարքագիծ, որի շնորհի տնտեսվարողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է ազդել մեկ ուրիշ տնտեսվարողի  մրցունակության կամ  որոշումների կայացման վրա: «Իրական սեփականատերերի փոփոխությունը ևս համարվում է համակենտրոնացում:…Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների մեծ մասի դեպքում համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց առաջ ենթակա է եղել Հանձնաժողովի կողմից հայտարարագրման, սակայն 2014-2019 թվականներին հայտարարագրված համակենտրոնացման դեպքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ընկերություններից շատերը շրջանցել են այս պահանջը»,- նշված է փաստաթղթում:    

Հունվար 25, 2021 at 18:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր