2019թ-ին հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%

2019թ-ին հանքարդյունաբերության  ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%

2019թ-ին հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%, ոլորտում զբաղվածների թիվը՝  9851 մարդ, որը կազմում է ընդհանուր զբաղվածների 1,65%-ը: Այս մասին նշված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակած հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքներում: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Ըստ ուսունասիրության՝ հանքարդյունաբերական արտադրանքի ծավալը 2019թ-ին կազմել է մոտ 356,3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9%-ով գլխավորապես մետաղական հանքաքարերի արդյունահանման հաշվին:

Հայաստանում արտադրվում և արտահանվում են ոչ թե զտված մետաղները, այլ դրանց խտանյութերը, որոնք հիմնականում վերամշակվում են այլ երկրներում: «Դրանք հիմնական մետաղներից բացի պարունակում են մի շարք այլ ուղեկից  օգտակար բաղադրիչներ, ինչպես օրինակ՝ ռենիում, սելեն, թելուր, ծծումբ, արծաթ և այլն, որոնց մի մասն է միայն կորզվում, մյուս մասը թափվում է պոչամբարներ, ուստի դրանց արժեքը խտանյութերի վաճառքի ժամանակ չի փոխհատուցվում»,- նշված է փաստաթղթում:  

Մետաղական հանքաքարերից ընդերքօգտագործողները հիմնականում կորզում են պղինձ, մոլիբդեն, ոսկին և ցինկ:  

2018-2019թթ. մետաղական հանքաքարի արդյունաբերության ոլորտի հիմնական արտադրատեսակների արտահանման ամենամեծ մասնաբաժինը պղնձի խտանյութինն է եղել՝ 61.2%, երկրորդը ոսկու և արծաթի համաձուլվածքն է՝ 20.5 %: Ապա հաջորդում են մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի, ցինկի խտանյութերը:

Պղնձի խտանյութի արտադրությամբ առաջատարը Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է՝ 81%, հաջորդը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է` 11%, Շամլուղի պղնձի հանքը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 4 %, Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ 3% , Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ 1%:

«Պղնձի խտանյութի արտահանումը 2019թ-ին կազմել է արտահանման ընդհանուր տեսակարար կշռի շուրջ 69%-ը (1 միլիարդ 224 միլիոն դոլար: 2018թ-ի համեմատ պղնձի խտանյութի արտահանման ծավալն աճել է 32.3%-ով, մինչդեռ մաքսային արժեքն աճել է 19.25%-ով: Սա նշանակում է, որ պղնձի միջազգային գների նվազման պայմաններում ընդերք արդյունահանողները փորձել են պղնձի արդյունահանման ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին միավոր արտադրանքի ինքնարժեքը նվազեցնել ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար, ինչի արդյունքում երկրի ընդերքն ավելի ինտենսիվ է շահագործվել»,- նշված է ուսումնասիրության մեջ:

Հայաստանում պղնձի վերջնական մշակման չենթարկվելու հիմնավորում է բերվում այն, որ մաքուր պղնձի ձուլումը պակաս եկամտաբեր է, պահանջում է մեծ ներդրումներ, բնապահպանական վերահսկողություն, արտոնագրում, որպեսզի ապրանքը ճանաչվի միջազգային բորսաներում:

Հայաստանից պղնձի խտանյութն արտահանվել է Չինաստան, Բուլղարիա, Շվեյցարիա, ոչ մեծ քանակով՝ Կանադա, Վրաստան, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն:

Հայաստանում մոլիբդենի արդյունահանումն իրականացնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն: Այստեղ ևս առաջատարը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է: 2018թ-ին Հայաստանից արտահանվել է 8010,3, իսկ 2019թ-ին՝ 8870 տոննա ֆերոմոլիբդեն՝ համապատասխանաբար 125 875.9 և 142 425.7 հազար դոլար մաքսային արժեքով: Հայաստանի մոլիբդենի արտադրատեսակները գնել են Նիդերլանդները, Բելգիան և Ռուսաստանը:

Ցինկի խտանյութի արտադրություն և արտահանում իրականացնում է միայն «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն: 2018թ-ին ընկերությունը Բելգիա է արտահանել 12 473 թմտ ցինկի խտանյութ՝ 20 489  հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, իսկ 2019թ-ին՝ 12158.5 թմտ՝ 16 475.1 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:

Հայաստանում Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2018թ-ին Շվեյցարիա է արտահանել 4 824,3 կգ՝ ոսկի և արծաթ պարունակող դորե ձուլակտոր՝ 81,3 միլիարդ ՀՀ դրամ մաքսային արժեքով,  իսկ 2019թ-ին՝ 5627,7 կգ՝ 103,2 միլիարդ ՀՀ դրամ մաքսային արժեքով: Հայաստանում 2018թ-ին ոսկու հանքաքարի արդյունահանում իրականացրել են նաև Մեղրաձորի ոսկու հանքը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն, որը Շվեյցարիա է արտահանել ոսկու խտանյութ: «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն և Ազատեկի ոսկու բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքն ունեցող «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն ոսկու պարունակությամբ թանկարժեք մետաղի խտանյութ են վաճառել «Ասսաթ» ՍՊԸ-ին, որին պատկանում է Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը:

Մետաղական հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է ծավալով փոքր, սակայն բարձրաժեք արտադրանք: Արդյունահանված արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, երկրի ներսում իրացված մետաղական հանածոների ծավալներն իրացման ամբողջ ծավալի մեջ կազմում են ընդամենը 1,23%: Հանքավայրերի համեմատաբար քիչ քանակից և անհրաժեշտ ներդրումների մեծությունից ելնելով՝ հանքարդյունաբերության այս ճյուղում գործում են քիչ թվով տնտեսվարող սուբյեկտներ, որոնց կազմը մնում է հիմնականում անփոփոխ, փոխարենը փոփոխությունները տեղի են ունենում հանքավայրը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի կառուցվածքում»:

Հունվար 25, 2021 at 20:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր