Ինչպես է դիմակայում Արարատ համայնքը կորոնավիրուսային համավարակի դեմ

Ինչպես է դիմակայում Արարատ համայնքը կորոնավիրուսային համավարակի դեմ

COVID-19 համավարակը Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքում մի շարք նոր մարտահրավերներ ստեղծեց․ գործազրկության աճ, առողջապահական, կրթական և ՏԻՄ ոլորտներում աշխատանքի խաթարում։ Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին համայնքային հիվանդանոցները պատրաստ չէին, կա մասնագետների պակաս: Արարատ համայնքի ավագանու անդամ Անդրեյ Հարությունյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց.«Նոր սարքավորումներ ունենք։ Սակայն դրանց տիրապետող մասնագետները քիչ են: Ռենտգենոլոգը վերջին քառասուն տարվա մեջ չի փոխվել: Հեղափոխությունից հետո եկել են երիտասարդ, բանիմաց բժիշկներ, սակայն ոչ բավարար քանակով»։ 

Համավարակն ազդեց նաև արտերկիր մեկնումների վրա։ Ըստ Անդրեյ Հարությունյանի՝ արտագնա աշխատանքի մեկնողների 70-80%-ը սահմանների փակման արդյունքում մնացել է համայնքում։ «Բայց քաղաքում մնացած տղամարդկանց մի մասը կարողացավ հիմնական երկարաժամկետ աշխատանքի անցել»,- նկատեց նա։

Համավարակը բացասաբար անդրադարձավ նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի վրա: «Ավագանու նիստեր հիմնականում չէինք կարողանում անցկացնել։ Քվորում չէր ապահովվում, քանի որ ավագանու անդամներից մեկը կամ մի քանիսը վարակակիր էին լինում»,- նշեց Անդրեյ Հարությունյանը։ Այդուհանդերձ, ավագանու անդամներին հաջողվել է 2020թ․ մեկ նիստի ընթացքում հաստատել աղետների և ռիսկերի կառավարման քառամյա ծրագիրը։

Անդրեյ Հարությունյանը նշեց, որ ցանկացած նոր մարտահրավերի դիմակայելու համար և ցանկացած խնդրի լուծման համար նախևառաջ անհրաժեշտ է սեփական իրավունքների և շահերի իմացություն։ «Յուրաքանչյուր անձի, երեխայի դպրոցից սկսած պետք է սովորեցնել, թե որն է  իր շահը որպես մարդ, բնակիչ ու քաղաքացի»,- նշեց նա: 

Համավարակի պատճառով Արարատ քաղաքային համայնքում էապես տուժել է կրթական ոլորտը՝ ստեղծվել էին տեխնիկական և ֆինանսական մի շարք դժվարություններ։ Անդրեյ Հարությունյանը նշեց. «Ուսուցիչներին այնքան են ծանրաբեռնել կողմնակի  համակարգչային աշխատանքներով, որ նրանք չեն կարող իրենց բուն աշխատանքը կատարել։ Ավելի հեշտ է օպերատորի հաստիք ստեղծել, որպեսզի վերջինս կատարի ուսուցչի հանձարարությունները»,- նշեց Անդրեյ Հարությունյանը։

Համավարակի պատճառած վնասները մեղմելու նպատակով Արարատ քաղաքային համայնքը սնունդ է տրամադրել համավարակի հետևանքով մեկուսացված անձանց։ «Համայնքn աջակցություն է ցուցաբերել նաև սոցիալապես անապահով ընտանիքներին։ Տարեկան կտրվածքով այդ աջակցությունը տատանվում է  800 հազարից մինչև 1 միլիոն դրամի սահմաններում։ Մոտ  30-40 մարդ է օգտվում»,- ասաց Անդրեյ Հարությունյանը։ Ըստ նրա՝ համավարակի կանխարգելման նպատակով համայնքապետարանն իրականացրել է նաև բարձրահարկ շենքերի մուտքերի ախտահանում։

Համավարակի ստեղծած մարտահրավերներին 2020թ. աշնանն ավելացավ նաև պատերազմի արհավիրքը։ Ըստ Անդրեյ Հարությունյանի՝ Արարատ համայնքում պատերազմի օրերին ապաստանել է 670 քաղաքացի, որոնց մի մասը հրադադարից հետո վերադարձել է Արցախ։

Արարատն ունի նաև մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնց պատճառը համայնքի տարածքում գործող արտադրական ձեռնարկություններն են՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և ցեմենտի գործարանը։

Այս ձեռնարկություններից «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն համավարակի ընթացքում Արարատ համայնքի բնակիչներին տրամադրել է փաթեթներ։



Փետրվար 02, 2021 at 18:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր