

Նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավական երկար ժամանակ չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում, արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Արտահոսքի մասին տեղեկատվություն է տարածել նաև Սյունիքի մարզպետարանը՝ հայտնելով, որ արտահոսքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, իսկ Կապանի պղնձի հանքավայրի (Կավարտի հանք) տրանսպորտային հանքուղով հոսող ջրերը լցվել են «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի տարածք։ «Պատահարի հետևանքը եղել է արտադրության խափանումն ու կանգառը։ Ջրերը ընկերության տարածքով անցել են նաև միջպետական մայրուղի ու հարակից տարածքներ: Ճանապարհը մաքրվել է ընկերության աշխատակիցների կողմից, իսկ ձեռնարկության տարածքում վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։



Դեպքից հետո մարզպետարանի ներկայացուցիչները հանդիպել են «Չաարատ Կապան»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանին, որի ժամանակ քննարկվել է, թե ինչը կարող էր հանքախորշի մուտքի պատվարի փլվելու ու ջրերի արտահոսքի պատճառ դառնալ։ «Կարևորվեց, որ խնդիրը ներկայացվի կառավարություն՝ համայնքի տարածքում եղած մյուս չգործող ու կոնսերվացված հանքախորշերի անվտանգությունն ապահովելու և հետագայում նման վթարային իրավիճակները կանխարգելելու համար»,- հայտնում են մարզպետարանից։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։
Փետրվար 27, 2021 at 12:06