Լոռիում բնակիչները բոյկոտում են Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրությունների հայտի հանրային լսումները

Լոռիում բնակիչները բոյկոտում են Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրությունների հայտի հանրային լսումները

Ապրիլի 16-ին առավոտից Լոռու մարզի բնակիչները բոյկոտում են Մարգահովիտ, Դեբեդ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքներում նախատեսված  «Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ի՝ «ՀՀ Լոռու մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ հանրային լսումները:

Լուսանկարները՝ Վարդուհի Անանյանի

Թվով 1-ին հանրային լսումներն արդեն իսկ տապալվել են Մարգահովիտ և Վահագնաձոր համայքներում: Բնակիչները թույլ չեն տվել ընկերության ներկայացուցիչներին համայնքապետարան մուտք գործել: ԷկոԼուրի հետ զրույցում ակցիայի մասնակից, Վանաձորի բնակիչ Գևորգ Վարդանյանն ասաց, որ արդեն ունեն համայնքապետի ստորագրությամբ Վահագնաձորում լսումների տապալման արձանագրությունը, պատրաստվում են կազմել նաև Մարգահովիտի արձանագրությունը: 

Գևորգ Վարդանյանը նաև նշեց, որ նպատակ ունեն տապալել այսօր կայանալիք բոլոր լսումները: «Թեղուտի հանքն էլ էին խոստանում շահագործել եվրոպական ստանդարտներին համապատասխան, բայց ոչ մի ստանդարտ չպահպանվեց: Չենք թողնելու, որ հանք բացվի: Մեր երազանքը մաքուր ապագա ունենալն ու բնությունը վայելելն է: Մենք հող չունենք տալու հանքի համար»,- նշեց նա:

Չնայած Ծրագրով նախատեսվում է հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրություն, սակայն Ծրագրին կողմ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը գյուղացիների հետ զրույցում խոսեց հանքի շահագործման մասին՝ նշելով, որ հանքը փակ եղանակով է շահագործվելու, պոչամբար չի ունենալու, քանի որ մինչև կես միլիոն տոննա հանքաքարի մշակումը չի կարող իրականացվել պոչամբարի միջոցով:

Մեղադրանքին, թե ինքն էլ երևի բաժին ունի այդ ծրագրում, նա արձագանքեց, որ ինքը բաժին չունի, միայն վճարովի աշխատանք է կատարում: Վազգեն Խաչիկյանի խոսքով՝ հանքը լինելու է Մարգահովիտից 20 կմ հեռավորության վրա, և որ ընկերության սեփականատերերը Չեխիայի քաղաքացիներ են:

Բողոքի ակցիային ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանը, «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և բնապահպաններ: 

«Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ն-ի հայտի հանրային քննարկումների մասին  հայտարարություն է տարածել Շրջակա միջավայրի նախարարությունը, որում մասնավորապես նշված է. «Հանրային ծանուցումը և քննարկումները առաջին և երրորդ փուլերում ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարը: Առաջին հանրային քննարկման արդյունքում դրական կարծիք ստանալուց հետո միայն  ձեռնարկողը նախապատրաստում է նախնական գնահատման հայտ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով մուտք է անում ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա» փաստաթղթում նշված է, որ, Հանքաձորի երկրաբանական աշխատանքների ամփոփ 1956-1959թթ. և Հանքաձորի հանքային դաշտի որոնողական և Հանքաձորի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասում նախնական հետախուզական աշխատանքների 1974թ. հաշվետվությունների համաձայն, 19-րդ դարի սկզբում այստեղ գործել են փոքր լեռնահանքարդյունաբերական ձեռնարկություններ: 20-րդ դարի սկզբներին ֆրանսիացիների կողմից միայն Հանքաձոր տեղամասից (Հանքաձորի հանքավայր) ստորերկրյա եղանակով արդյունահանվել է մոտ150 հազ.տոննա հանքաքար: Հանքաձոր տեղամասում անցած փորվածքների ընդհանուր երկարությունը կազմել է 8.5կմ: Մինչև 20-րդ դարի կեսերը Հանքաձորի հանքավայրում իրականացվել են երկրաբանահետախուզական և շահագործական աշխատանքներ, որոնց արդյունքում կատարվել է ավելի քան18000գծ.մ. ստորգետնյա հորիզոնական և 26գծ.մ ուղղաձիգ, 7696մ3 առուների և խրամների, շուրջ 6000գծ.մ հորերի անցում և ավելի քան 15,8 կմ սյունակային հորատում: Հանքավայրի պաշարները հաստատվել են ՀՍՍՀ երկրաբանական վարչության ԳՏԽ որոշմամբ 5651.32 հազ.տ հանքաքար և 92.42 հազ.տ պղինձ քանակություններով: 1975թ-ին հանքավայրը դասվել է պահուսատային հանքավայրերի շարքին: Էլիարի, Սիսիմադանի, Նազոյի-յուրտ տեղամասերում անցել են ավելի քան15 հատ բովանցք, մասամբ վերականգնվել են 1890-ական թվականներին ֆրանսիացիների կողմից անցած հին, փլուզված բովանցքները, ինչի արդյունքում ձևավորվել են ընդերքօգտագործման թափոնների զգալի ծավալներ:

01.04.2018թ.-ի դրությամբ Հանքաձորի հանքավայրը, ինչպես նաև Հանքաձորի հանքային դաշտի այլ տեղամասերը չեն հանդիսացել ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ: Տարածքում կուտակված ընդերքօգտագործման թափոնները դիտարկվում են որպես տիրազուրկ/լքված:



Ապրիլ 16, 2021 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր