Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքները ոչ ասացին հանքարդյունաբերությանը

Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքները ոչ ասացին հանքարդյունաբերությանը

Լոռու մարզի Մարգահովիտ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնի և Վահագնաձոր համայնքների բնակիչները միաձայն դեմ արտահայտվեցին Հանքաձորի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելուն:

«Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ն նախատեսում էր վերոնշյալ համայնքներում «ՀՀ Լոռու մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտի վերաբերյալ հանրային լսումներ անցկացնել: Սակայն տեղի բնակիչները, բնապահապաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները թույլ չեն տվել ընկերության ներկայացուցիչներին համայնքապետարաններ մուտք գործել:

Տեսնելով, որ Մարգահովիտում և Վահագնաձորում բնակչությունը չի պատրաստվում լսել իրենց, «Լուսաջուր Վենչերզ Ինվսետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այլևս չեն գնացել մյուս երեք համայնքներ:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, այցելել են Եղեգնուտ, Վահագնի և Դեբետ համայնքներ, հանդիպել բնակիչներին ու համայնքապետերին: Ըստ բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Վարդանյանի՝ իրենց ձեռքին է բոլոր հինգ համայնքների՝ հանրային լսումները տեղի չունենալը փաստող արձանագրությունը: Վերջինս նշեց, որ իրենց հետագա քայլերում նախատեսում են տվյալ համայնքների բնակիչների և մասնագետների հանդիպումներ կազմակերպել՝  բնակիչներին հանքարդյունաբերության վնասների մասին իրազեկելու նպատակով: 

Գևորգ Վարդանյանը նաև նշեց, որ Դեբետում ընկերության լսումները տապալելու նպատակով հավաքվել էին նաև տեղի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները: «Մարդիկ զբոսաշրջությամբ են առաջ գնում: Մեզ հանքը չի հետաքրքրում: Եթե թեման շարունակվի, պատրաստվում ենք զբոսաշարջության ոլորտում կատարված աշխատանքները ցուցադրել համայնքներում: Մեր առաջնային քայլը այդ համայնքներում  զբոսաշրջային նախագծերն առաջ բերելն է»,- ասաց նա: 

Լուսանկարները՝ Վարդուհի Անանյանի

Ապրիլ 16, 2021 at 17:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր