

Այսօր Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի բնական էկոհամակարգերի պաշտպանությունը: Այս մասին ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը 2021թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Եթե սա կորցնենք, երկիր ենք կորցնում: Պետք է լրիվ վերակառուցենք մեր մոտեցումը բնության և հանքարդյունաբերության նկատմամբ: Այսօր գործող հանքարդյունաբերությունը պետք է բերենք օրինական դաշտ, որ պետությունը մաքսիմում օգուտներ ստանա դրանից, նվազագույնի հասցվի շրջակա միջավայրին հասցվող վնասը, մարդու առողջությանը վնաս չպատճառվի»,- ասաց նա:
Նա նշեց Լոռու մարզի Մեծ Այրում և Ճոճկան բնակավայրերի շուրջ 70 բնակչի դատական հայցերի մասին ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի, որոնցով բնակիչները պահանջում են վերականգնել առողջության իրավունքը, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, փոխատուցել պատճառված վնասները: «Սա շատ կարևոր նախադեպ է: Եթե հաջողության հասնեն, վստահություն կունենան իրենց իրավունքները պաշտպանելու համար»,- ընդգծեց նա: Սակայն, ըստ Նազելի Վարդանյանի՝ խանգարող հանգամանք կա: Օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ: «Շատ հաճախ ցանկություն կա, բայց մարդիկ գումար չունեն փաստաբանական ծառայությունները փոխհատուցելու համար, ապացույցներ ձեռք բերելու համար նախատեսված թեստավորումները շատ թանկ են: Պետք է օրենսդրությամբ նախատեսվի հանրային պաշտպանություն բնապահապանական և մարդու առողջությանը վնաս պատճառելու հիմքով առաջացած գործերով, և ապացուցման բեռը դրվի ոչ թե հայցվոր, այլ՝ հակառակ կողմի վրա: Այդ գործերի դժվարությունը նրանում է, որ պետք է պատճառահետևանքային կապը ապացուցես: Դրա համար այդ տվյալները հավաքագրելը շատ դժվար է, և շատ կարևոր է, որ Ախթալայում մենք ունենք միջազգային փորձագետների (խմբ.՝ «Առնիկա») եզրակացություն, և դա հետագայում կօգնի գործի ընթացքին»,- ասաց նա:
Նազելի Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված չէ մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: «2005թ. Սահմանադրության մեջ շատ մեծ դժվարությամբ հասանք նրան, որ մտավ այդ դրույթը, սակայն 2015թ. փոփոխություններով դուրս եկավ: Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ չի ամրագրվել քաղաքացու մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու իրավունքը, չնայած դրանք հիմնարար իրավունքներ են: Ունենք «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք, որտեղ ամրագրված է մարդու մաքուր շրջակա միջավայրում ապրելու իարվունքը, սակայն այդ օրենքն այնքան էլ շատ չի կիրառվում: Այնտեղ նույնիսկ գրված է, որ հանքարդյունահանման կամ այլ կարևոր ծրագրերը, որոնք ազդեցություն կունենան մարդու առողջության վրա, պետք է անցնեն սանիտարական, առողջապահական փարձաքննություն, որը 1992թ-ից ի վեր երբեք չի կիրառվել»,- նշեց նա:
Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության երրորդ հոդվածը՝ Նազելի Վարդանյանը նշեց. «Այդտեղ նշված է, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է, և պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը, Կառավարության և կառավարիչների համար որոշումներ կայացնելիս առաջնայինը պետք է լինեն մարդու իրավունքները, այնինչ՝ դրանք ընդհանրապես անտեսվում են: Այդ հոդվածն իրականում չի գործում: Պետք է Կառավարությունը և մնացած պետական մարմինները ուղղորդվեն այդ հոդվածով ու գաղափարով: Եթե կշեռքի նժարին դրված են մարդու իրավունքները, առողջությունը, բնությունը, իսկ մյուս կողմում բիզնեսն է, պետք է ավելի ծանր լինեն մարդու իրավունքները և նրա ապրելավայրի պաշտպանությունը»,- ասաց նա:
Ըստ Նազելի Վարդանյանի՝ օրենսդրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն, և շրջակա միջավայրն աղտոտող կամ իրենց գործունեությամբ մարդու առողջության վրա ազդեցություն գործող կազմակերպությունները պետք է ազդակիր համայնքների բնակչության համար ապահովագրություն կատարեն: «Դա կազդի պատասխանատվության բարձրացման վրա»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է նոր հանքերի թույլտվությունները կասեցնել առնվազն 10-15 տարով: Անդրադառանալով այն շահարկումներին, թե հանքարդյունաբերությունը մեծ դեր ունի երկրի տնտեսության զարգացման համար՝ Նազելի Վարդանյանը նշեց. «Մեր ՀՆԱ-ում հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է 2,8 %: Այդ 2,8 %-ի համար վնասում ենք այն միջավայրը, որով զարգանում են մեր գերակա ճյուղերը»:
Հուլիս 09, 2021 at 15:47
