Պետական տուրք կսահմանվի պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար

Պետական տուրք կսահմանվի  պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է պղնձի, մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի արտահանման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք սահմանել: Այս նպատակով հուլիսի 12-ի արտահերթ նիստում գործադիրը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրենսդրական փոփոխության նպատակն է համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրություններ: Ակնկալվում է, որ լիցենզիայի տրամադրման առաջարկվող դրույքաչափերը կգործեն միայն նշված մետաղների բարձր գնային միջակայքերում, իսկ հետագայում, կախված համաշխարհային շուկայում այդ մետաղների պահանջարկի փոփոխությունից (օրինակ՝ պղնձի բորսայական գնի 7.5 հազ. ԱՄՆ դոլարի շեմը, իսկ մոլեբդենի պարագայում՝ 20 հազ. ԱՄՆ դոլարի շեմը չգերազանցելու դեպքում) կվերանայվեն առաջարկվող դրույքաչափերը դեպի նվազում)։

Որոշման հիմնավորման համաձայն՝

Մասնավորապես, սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն կազմում է 9,225 ԱՄՆ դոլար։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն գին՝ 24,000 ԱՄՆ դոլարի չափով։

«Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 7500 ԱՄՆ դոլարի պարագայում հաշվարկված պետական տուրքի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։

Վերը նշված գնային արտաքին պահանջարկը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար, ինչը կարող է ամուր նախադրյալներ ստեղծել ոլորտի հետագա արդիականացման և միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական և լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու համար»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։

Որպես ոլորտի արդիականացում նպատակ է դրված.

  • խորացնել պղնձի մշակման արժեշղթան` նախնական փուլում հիմնելով բարձր մաքրության կատոդային պղնձի արտադրություն, իսկ այնուհետև խթանել հարակից արտադրատեսակների էկոհամակարգի արագ զարգացումը:
  • խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործումը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ:
  • Խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությունը` հնարավորինս նվազեցենլով վնասակար արտանետումները:

Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Հուլիս 13, 2021 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր