

Իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության խախտված իրավունքները վերականգնելու նպատակով Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի շուրջ 70 բնակիչ դատական հայցեր են ներկայացրել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ: Նրանց օրինակին են ցանկանում հետևել այլ մարզերի բնակիչներ ևս: Այս մասին ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը 2021թ. հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ:
Դատական հայցերի համար հիմք են հանդիսացել «Առնիկա» չեխական կազմակերպության՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցությամբ Լոռու մարզում հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող բնակավայրերում՝ հողի, ջրի, մթերքների ու մարդու առողջության վրա ունեցած ազդեցության 2018-2020թթ. ուսումնասիրությունների արդյունքները: «Դրանք ապացուցում են կապը աղտոտման օջախների՝ օդի, հողի, անցումը դեպի գյուղատնտեսական ապրանքներ և այնուհետ մարդու օրգանիզմ: 2020թ. ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարդու օրգանիզմում մկնդեղի պարունակությունը ոչ թե նորմայից բարձր է, այլ՝ կրիտիկական վիճակի է: Գյուղատնտեսական նշանակության բնակավայրերը, որոնք ավանդաբար զբաղվում էին գյուղմթերքի մշակմամբ, ունեն պոչամբար, ունեն աղտոտված գետ և այդ հանքարդյունաբերությունից օգուտներ չեն ստանում: Խաթարվել է ամբողջ գյուղատնտեսական հեռանկարը: Գալիս են սոցիալական ու առողջական խնդիրներ,- նշեց նա և հավելեց,- Մարդիկ ուզում են, որ այս ոլորտը կարգավորվի: Մեկ համայնք 6-8 տարի չի կարող նույն հարցի համար անընդհատ պայքարել ու լուծում չստանալ: Սա շատ կարևոր նախադեպ է: Այստեղ հարցը նրանում է, թե ինչպես կընթանա դատական գործընթացը: Նախադեպն իր արդյունքներն արդեն իսկ տալիս է. ընդլայնվում է հետազոտությունների անցկացման աշխարհագրությունը, տարբեր բնակավայրերից քաղաքացիներ են դիմում նմանատիպ խնդիրներով, նույնիսկ չունենալով հետազոտության արդյունքներ, պատրաստվում են կրկին դիմել դատարաններ տարբեր ընկերությունների դեմ: Եվ սա ոչ միայն Լոռու, այլև՝ Սյունիքի մարզում»:
Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ հանքարդյունաբերության ոլորտն այնպես պետք է բարելավել, որ ընդերքը մաքսիմալ օգուտ բերի Հայաստանին: «Չեմ կարծում, որ 2-3 հանք ավելանալու դեպքում Հայաստանի տնտեսությունն այս պայմաններում լավանալու է: Դա ինքնախաբեություն է: Պետք է քայլ առ քայլ գնանք հետևողականորեն բոլոր խնդիրների լուծմանն ու վերացմանը: Իսկ այդ խնդիրները մեկ տարում չենք կարող լուծել: Մենք Լոռու մարզի գրեթե յուրաքանչյուր երկրորդ գյուղում ցանկանում ենք հանք բացել: Բայց դա հանքարդյունաբերության ոլորտի զարգացում չէ: Լոռին մի քանի մարզի հետ միասին երկրի արկածային տուրիզմն են ապահովում: Դա էլ վերացնենք ու գնանք: Աշխարհում ամեն ինչի մասին տեղեկացված են լինում: Տուրիստները միշտ խուսափում են գնալ աղտոտված վայրեր կամ գիշերել աղտոտված վայրերում: Էլեկտրոնային տարբեր պլատֆորմներ են ստեղծվում, որոնք ցույց են տալիս իրենց քաղաքացիներին, թե Հայաստանի որ տարածքներն են աղտոտված, որտեղ արժե ինչ ուտել կամ չուտել»,- նշեց նա:
Հուլիս 09, 2021 at 16:20
