


ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն ակտիվ հանդիպումներ է անցկացրել տեղի բնակիչների, երիտասարդների, տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանում՝ համայնքի Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակելու նպատակով: «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում իրականացվող հանդիպումների ընթացքում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը ներկայացրել է Ծրագրի նպատակը. մշակել և ներդնել սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը, ինչը կնպաստի համայնքներում էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը, ՏԻՄ-ում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը, ՏԻՄ-երի և բիզնեսի գործունեության թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը, ինչպես նաև՝ կանաչ տնտեսության զարգացմանը:
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ներգրավվել Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակակման աշխատանքներում: Նրանք կարևորել են համայնքի ռեսուրսների բացահայտումը և գնահատումը, ինչը հիմք կդառնա համայնքի հետագա զարգացման պլանը մշակելու համար:

Հանդիպման ներկաները բարձրաձայնել են իրենց մոտ առկա ամենից ակնառու խնդիրները, էկոլոգիական վիճակը և դրա ազդեցությունը տնտեսական գործունեության վրա: Մասնավորապես՝ բարձրացվել են Սոթքի հանքավայրի հետագա շահագործման, սահմանային անվտանգության և գործազրկության հնարավոր ավելացման հարցերը: «Մենք շատ մտահոգված ենք անվտանգության հետ կապված խնդրով և դրանով պայմանավորված արտագաղթի խնդրով»,- ասացին բնակիչները՝ առաջարկելով մշակել համայնքի բնակիչների անվտանգությունն և զբաղվածությունն ապահովող մեխանիզմներ:
Հանդիպումների ընթացքում ներկա բնակիչներից և ՏԻՄ ներկայացուցիչներից ձևավորվել է աշխատանքային խումբ Գեղամասարի Սոթք, Տրետուք և Կութ բնակավայրերից: Նրանց հետ քննարկվել են Ծրագրի շրջանակներում նախատեսվող առաջիկա համատեղ անելիքները: Աշխատանքային խմբի հետ նախատեսվում են լրացուցիչ հանդիպումներ՝ բնակավայրերի սոցիալ-էկոլոգիական տվյալների բազայի ստեղծման համար տվյալներ ու առաջարկություններ հավաքագրելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Լուսանկարները՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի
Սեպտեմբեր 25, 2021 at 15:43
