Սյունիքում քաղաքական մեծ դերակատարությունն անցավ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ին՝ ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք բերելով․ Ինգա Զարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքում քաղաքական մեծ դերակատարությունն անցավ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ին՝ ԶՊՄԿ-ի 60%-ը ձեռք բերելով․ Ինգա Զարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV–ի հարցազրույցը «ԷկոԼուր» ՀԿ–ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի հետ

–Տիկի՛ն Զարաֆյան, ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում օրերս դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ՝ 2004 թվականից ի վեր առաջին անգամ փոխվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնական բաժնետեր ընկերությունը. գերմանական «Քրոնիմետին» փոխարինեց ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որն իր հերթին բաժնեմասի 15 տոկոսը նվիրեց ՀՀ–ին։ Դուք ինչ տեսակետ ունեք՝ ի՞նչ տեղի ունեցավ։

-«Գեոպրոմայնինգ» ընկերությունը դեռ 2006 թվականից է մտել Հայաստան, սկսեց շահագործել Սոթքի հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, հետո մեկ տարուց վերցրեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, և ո՛չ Սոթքում, ո՛չ Արարատում, ո՛չ Ագարակում իրեն չդրսևորվեց որպես պատասխանատու կազմակերպություն։ Ընդհակառակը, 2010 թվականին մեր Հաշվեքննիչ պալատը մեծ հաշվետվություն է ներկայացրել՝ մեղադրելով «Գեոպրոմայնինգին» տարբեր գործարքների մեջ՝ և՛ փողի, և՛ հանքանյութերի առումով։ Այնտեղ շատ տարբեր մեղադրանքներ կային։ Դրան ընկերությունը շատ լուրջ արձագանքեց, որ Պալատը պետք է վերահսկի ոչ թե ընկերության փողը և հոսքերը, այլ պետական, և որևէ մեկը գործ չունի՝ ընկերությունն ինչ է արել։

–Այսինքն՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը իրեն ստուգած պետական մարմնին պատասխանել է, որ իր հետ գործ չունե՞ն։

-Երբ մենք դիմեցինք Արմեն Մովսիսյանին՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարարին, որ իրենք պետք է վերահսկողություն կատարեն և լուրջ ուսումնասիրեն այդ հաշվետվությունը, իրենք ուսումնասիրեցին մեկ տարի այդ հաշվետվությունը և ասել են, որ լուրջ խախտում չեն գտել։ Ես ուզում եմ ասել, որ այդպես է աշխատել «Գեոպրոմայնինգը»։ Փաստորեն՝ «Գեոպրոմայնինգի» նկատմամբ վերահսկողություն չկար, երբ փորձել են վերահսկել, չի ստացվել։ Պատերազմից հետո «Գեոպրոմայնինգի» դիրքերը բավականին թուլացել են, որովհետև Սոթքի հանքի մի մասը գտնվել է Քարվաճառի տարածքում, և քանի որ այդ մասը այլևս չկա, պարզ է՝ դա մեծ հարված է ընկերությանը։ Ռիսկերը շատ են նաև Ագարակի կոմբինատում։ Հիմա, ձեռք բերելով Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերը, այն էլ՝ 60 տոկոսը, որը վերահսկող փաթեթն է, այդ ընկերությունը մի քանի անգամ ամրապնդեց իր դիրքերը ՀՀ-ում։ Եվ քանի որ Զանգեզուրի կոմբինատը մեծ քաղաքական դերակատարություն ունի, մանավանդ՝ Սյունիքի մարզում, ես կարծում եմ՝ քաղաքական այդ դերակատարությունն անցնում է նաև ռուսական ընկերությանը։

–Իսկ ինչի՞ դիմաց է ՀՀ–ն ստանում «Գեոպրոմայնինգից» 15 տոկոս բաժնեմաս։ Դուք դա քաղաքակա՞ն որոշում եք դիտարկում։ Ընդհանրապես, այս ընկերությունը ռուսական քաղաքական գործի՞ք է, ինչպես, ասենք, «Գազպրոմը»։ Ի՞նչ պատասխան ունեք։

-Ես կարծում եմ՝ իհարկե, դա առաջին հերթին քաղաքական գործարք է, որովհետև կառավարությունը, որ ձեռք է բերում 15 տոկոսը ընդհանուր բաժնետոմսերի, կկարողանա վերահսկել ոչ միայն ֆինանսական հոսքերը, այլ ամենամեծ դերակատարություն ունեցող ձեռնարկությունը։ Սա կարևոր փաստ է, իսկ թե ի՞նչ է կառավարությունը տալիս դրա դեմ, մենք դեռ չգիտենք, որովհետև այդ գործարքի մանրամասները լրիվ անհայտ են, ինչը շատ վատ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

www.factor.am



Հոկտեմբեր 08, 2021 at 10:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր