Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարները մտադիր են վերագնահատել

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարները մտադիր են վերագնահատել

«Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ն մտադիր է 2021-2024թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: 

Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության է ներկայացրել Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Ուսումնասիրության ենթակա տարածքը կազմում է 50 հեկտար՝ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական և Հարավային տեղամասերը: Երկրաբանական ուսումնասիրությունների տարածքի եզրագիծը համադրվում է Սիսիան համայնքի Լոր գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրի և այլ հողատեսքի, ինչպես նաև Սիսիան համայնքի Դաստակերտ քաղաքի հողամասերի հետ

Նախատեսվում է 13 հորատանցք, որից 7-ը՝ կրկնորդ հորատանցքեր և 6-ը՝ նոր հորատանցքեր Հարավային տեղամասի 3 հետախուզագծերի վրա: Ըստ հայտի՝ հորատահրապարակներով խախտվելիք և հետագա վերականգնման ենթակա տարածքը կկազմի շուրջ 400 քառ. մ:

Ուսումնասիրվող տարածքով հոսում է Կիշկոշտ գետը, որից առնվազն 100 մետր հեռավորության վրա տեղադրվելու է 6 նոր հորատանցք: Թեպետ հայտում նշված է, որ բնական ջրհոսքերի հուների փոփոխություն չի կատարվելու, Կիշկոշտ գետի վրա ջրի մոնիթորինգի մշտական դիտակետեր չկան: Հանքավայրի տարածքում չկան նաև դիտակետեր մթնոլորտային օդի ֆոնայի դիտարկումների համար:

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում կա ՀՀ Բույսերի Կարմիր գրքում գրանցված երկու բուսատեսակ՝ Astragalus agassii Manden- Գազ Աղասու, Dracocephalum botryoides Stev-Վիշապագլուխ ողկույզային: Եվս մեկ տեսակ հանդիսանում է Հայաստանի էնդեմ՝ Koeleria albovii Domin subsp. Albovii-Բարակոտնուկ Ալբովի, մեկ տեսակ՝ Կովկասի էնդեմ՝ Helictotrichon adjaricum (Albov) Grossh-Տիվարսակ աջարական: Սակայն հայտում նշված է, որ վերականգնվող ճանապարհների և հորատման հրապարակների տարածքում կարմիրգրքյան բույսեր չկան, և չկան նաև կարմիրգրքյան կենդանատեսակներ: 

Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Զանգեզուր» պետական արգելավայրն է՝ նախատեսվող ուսումնասիրության տարածքից շուրջ 3 կմ հեռավորության վրա: Ըստ հայտի՝ հորատման հրապարակներից հեռացվելու և պահեստավորվելու է հողի բերրի շերտը, որի քանակը չի գերազանցի 160 խմ-ը: Իսկ աշխատանքների ավարտից հետո հորատման հրապարակները ռեկուլտիվացվելու են: Պայթեցումներ չեն նախատեսվում: 

«Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի երկրորդ հանրային քննարկումները նշանակված են ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Սիսիանի համայնքապետարանում: Իսկ առաջին հանրային քննարկումն անցկացվել է Սիսիանում դեռևս  2020թ. դեկտեմբերի 22-ին: Ինչպես նշված է հայտում, քննարկմանը մասնակցել է 19 մարդ, և քննարկման մասնակիցները առարկություն չեն հնչեցրել նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Դաստակերտի հանքավայրի շահագործման իրավունքը նախկինում տրված էր «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ին, որի բաժնեմասի 100 % փաթեթը պատկանում է Forbes-ի ռուս միլիարդատերեր Դմիտրի Կորժևին և Դմիտրի Տրոիցկուն: Ընկերությունը պետք է հանքավայրը շահագործեր 06.11.2012թ-ից՝ 9.2 տարի ժամկետով, սակայն չի շահագործել՝ պատճառաբանելով 2013-2018թթ. պղնձի և մոլիբդենի ցածր գները և հանքի շահագործման տնտեսապես անշահավետությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի կողմից արդեն 2018թ-ին հողօգտագործման իրավունք չտրամադրելը: 2020թ-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը, իսկ ընկերությունը դատական կարգով բողոքարկել է այդ հրամանը, և դեռ չկա կայացված որոշում: 

Հոկտեմբեր 13, 2021 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր