

2020թ-ին ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվեց «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ: Ընկերությունն այդ հրամանը բողոքարկել է։ Ընդերքօգտագործման պայմանագրով «Մոլիբդենի աշխարհ»-ը հանքը պետք է շահագործեր 06.11.2012թ-ից ՝ 9.2 տարի ժամկետով: Սակայն Ընկերությունը հանքը չի շահագործել՝ պատճառաբանելով 2013-2018թթ. պղնձի և մոլիբդենի ցածր գները և հանքի շահագործման տնտեսապես անշահավետությունը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի կողմից արդեն 2018թ-ին հողօգտագործման իրավունք չտրամադրելը:
Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Դաստակերտ բնակավայրի տարածքում: Դաստակերտը որպես քաղաքատիպ ավան ձևավորվել է 1952 թվականին՝ Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման և հանքավայրի հարստացուցիչ ֆաբրիկայի հենքի վրա։ Հանքի շահագործման տարիներին Դաստակերտում ապրել է շուրջ 3000 բնակիչ, իսկ այսօր այստեղ ապրում է շուրջ 300 բնակիչ: Հանքի շահագործման դադարեցումից հետո ոչ ոք չի զբաղվել քաղաքի այլընտրանքային զարգացման հարցերով: «Մոլիբդենի Աշխարհ» ընկերությունը Դաստակերտի հանքի ընդերքօգտագործման պայմանագիրը պետության հետ կնքել է 2012թ-ին: Սակայն Ընկերության գործունեությունը Դաստակերտում սահմանափակվեց պաշարների հետախուզական աշխատանքներով:
Այստեղ դեռ կիսաքանդ վիճակում մնում են նախկին հանքարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքները, Դաստակերտի վթարային, չռեկուլտիվացված պոչամբարը, հանքախորշեր, Կըշկոշտի գետի մերձափնյա տարածքներով ձգվող լցակույտերը, որոնք շարունակում են շրջակա միջավայրի աղտոտումը:
«Պոչամբարը կոնսերվացված չէ: Անտեր գցված է: Ուղղակի քամի է արել, փոշին նստել է պոչամբարի թափոնների վրա, մի քիչ կանաչ է երևում վրան: Նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարարությունից հանձնաժողով է եկել: Իրենց ներկայացվել է, թե ինչ է կատարվում… ԽՍՀՄ տարիներին շահագործված հանքի թունելի միջով ջուր է հոսում, գալիս, լցվում մեր գետը»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Դաստակերտի վարչական ներկայացուցիչ Նաիրի Ֆիլոսյանը:
Ըստ նրա՝ Դաստակերտում այլընտրանքային որևէ տնտեսական ճյուղ զրագացնելը շատ դժվար է: «Գյուղատնտեսություն զարգացնելու պայմաններ չկան, վարելահողեր չունենք, լեռնային տարածք է: Տնամերձերն էլ շատ փոքր են: Հնարավոր չէ մեծ ծրագրեր իրականացնել 200-500 քմ տնամերձի վրա: Տուրիզմը զարգացնելու տեսարժան վայրեր էլ չունենք: Ուրիշ արդյունաբերություն այսքան հեռու ո՞վ է բերելու»,- ասաց Նաիրի Ֆիլոսյանը:
Դաստակերտի Մշակույթի տունը
Ընդերքօգտագործման պայմանագրով «Մոլիբդենի Աշխարհ» ընկերությունը պարտավորվել էր Դաստակերտի սոցիալ-տնտեսական զարգացման համար յուրաքանչյուր տարի Դաստակերտի ջրահավաք և ջրամատակարարման համակարգի բարելավման համար հատկացնել 12.միլիոն դրամ, 400 հազար դրամ ՝ համայնքի զարգացման տնտեսական ծրագրերի համար, իսկ դպրոցի և մանկապարտեզի համար գրենական պիտույքների ձեռքբերման, շենքերի վերանորոգման համար՝ 400 հազար դրամ: Համայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման համար պատրաստ էր տրամադրել տեխնիկական միջոցներ։ Մինչև 2018թ-ը Դաստակերտին արված Ընկերության սոցիալական աջակցության մասին Նաիրի Ֆիլոսյանը հիշեց. «Դպրոցն ավարտած երեխաներին հեռախոսներ են նվիրել: Դասագրքերի գումարն են փոխհատուցել, գրենական պիտույքներ ձեռք բերել: Ամանորյա նվերներ են արել երեխաներին, հագուստ նվիրել բնակիչներին: «Մոլիբդենի Աշխարհի»-ի աջակցությամբ դպրոցի մի սենյակ վերանորոգվել ու կահավորվել է որպես մանկապարտեզ: Նոր ճանապարհներ են բացել դեպի խոտհարքներ, ուղղակի մենք չենք կարողացել սպասարկել, որ պահենք»:
Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պաշտոնական կայքում հրապարակված Ընկերության 2016-2018թթ. հաշվետվություններից տեղեկանում ենք, որ Ընկերությունը որպես սոցիալ-տնտեսական աջակցություն 2016-2017թթ. դպրոցականների համար ամանորյա նվերների համար է գումար հատկացրել միայն: Իսկ 2018թ-ին 60 միլիոն դրամ է փոխանցել խոշորացված Սիսիան համայնքի արտաբյուջետային հաշվին Դաստակերտի ջրահավաք-ջրամատակարարման համակարգի բարելավման համար: Այս գումարից Դաստակերտ քաղաքը ստացել է 26 միլիոն դրամ հինգ բարձրահարկ շենքի տանիք փոխելու համար: Մինչդեռ խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցերի վերանորոգումը դեռ մնում է Դաստակերտի համար օրախնդիր:
Դաստակերտի զարգացման համար հարցված բնակիչներն առաջարկում են.
· Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման դեպքում այն շահագործել փակ եղանակով, բնապահպանական նորմերի պահպանմամբ և Դաստակերտ բնակավայրը դարձնել ընդերքօգտագործման պայմանագրի կողմ:
· Դաստակերտին տալ լծակ ընդերքօգտագործողին պարտադրելու կատարել բնակավայրի հանդեպ ստանձնած պարտավորությունները:
· Ընկերությունը պարբերաբար ներկայացնի հաշվետվություն Դաստակերտի բնակիչներին ընդերքօգտագործողի գործունեության մասին
· Ստեղծել աշխատատեղեր
· Վերանորոգել խմելու ջրագիծը, ոռոգման ցանցը
· Կազմակերպել բնակավայրի աղբահանություն
· Բուժկետն ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և որակյալ մասնագետներով
· Ամրացնել և վերանորոգել բնակավայրի բազմահարկ շենքերը
· Համատարած ծառատունկ կազմակերպել:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Փետրվար 18, 2021 at 14:58