

Ախթալա խոշորացված համայնքի տնամերձ հողամասերն ու Դեբեդ գետն աղտոտվել են թափոնաջրերով: Այս մասին մայիսի 9-ին ահազանգել է «Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ Ախթալա համայնքի Արամյանցի դղյակին կից, սելավաջրերը, խառնվելով պայթուցիկների ձորի պոչամբարի և նրան հարակից թափոնակույտերի թափոններին, հոսել են միջհամայքնային ճանապարհներով դեպի տնամերձ հողամասեր, այնուհետ՝ լցվել Ախթալա գետակի մեջ: «Գետակի այն հատվածից, որտեղ թափվել են այդ թափոնակույտերը, 20 մ այն կողմ Ախթալան միանում է Դեբեդ գետին: Իսկ տնամերձերի տերերի գյուղատնտեսական մշակումները, ծառերն ու բանջարաբոստանային կուլտուրաները շարունակաբար այս աղտոտման տակ են»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Նա նշեց, որ Ախթալա համայնքում մարդկանց և երեխաների օրգանիզմում ծանր մետաղները շարունակաբար կուտակվելու են՝ վտանգելով նրանց կյանքը։ «Ու որևէ մեկը այս վիճակի համար ոչ պատասխանատվություն է կրում, ոչ էլ լուծում է այս խնդիրը, որը բարձրաձայնում ենք տարիներ շարունակ։ Քաղաքացիներն էլ անպաշտպան են այս իրավիճակում. ո՛չ իրենց պաշտպանող օրենսդրություն կա, ո՛չ էլ որևէ մարմին։ Քիչ է այն, որ պայթուցիկների ձորի պոչամբարը ռեկուլտիվացված չէ, մի հատ էլ պոչամբարից տարիներ առաջ թափոնակույտերը հանել են և կուտակել ճամփեզրին անօրինական կարգով։ Ախթալան թափոններից մաքրել է պետք անհապաղ, արդեն մի տարուց ավելի ասում ենք, ծայրահեղ է վիճակը...»,- ահազանգում է Օլեգ Դուլգարյանը:
Մայիս 10, 2021 at 14:31