Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը չմշակելու պատճառները

Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը չմշակելու պատճառները

Որոնք են այսօր Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները և գյուղատնտեսական հողերը չմշակելու հիմնական պատճառները: Այս և այլ հարցերին անդրադարձավ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ:

«Գյուղատնտեսական հողերը չմշակելու մի քանի հիմնական պատճառներ կան: Առաջին՝ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ մարդիկ տարբեր կատեգորիաների ու տարբեր հատվածներում բավական փոքր հողակտորներ են ստացել: Գյուղացիները հիմնականում մշակում են  բարձր կատեգորիայի և մոտիկ հողակտորները, այգիները, որոնք լավ բերք են տալիս, իսկ հեռու տարածքները չեն մշակվում, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն գնալու և մշակելու: Այնտեղ, որտեղից եկամուտ չկա, հողերը մնում են անմշակ: Մեր հողատարածքների 50%-ից ավելին չի մշակվում, ինչի արդյունքում բազմաթիվ մշակովի հողատարածքներ դեգրադացվում են, հողերի որակը վատանում է, հողը դառնում է ոչ պիտանի մշակման համար»,- նշեց նա:

Ըստ Արևիկ Հովսեփյանի՝ հողերը չմշակելու հաջորդ և կարևորագույն պատճառն է ոռոգման ջրի բացակայությունը: «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ոռոգման ջուր չլինելու պատճառով Հայաստանի 7 մարզի 29 համայնքներում խմելու ջուրն օգտագործվում է տնամերձերը ոռոգելու համար: «Մենք մեր բարձրորակ ջուրն օգտագործում ենք ոռոգման համար, մինչդեռ Հայաստանի որոշ համայնքներում ընդհանրապես խմելու ջուր չկա: Ինչո՞ւ է այդպես: Պատճառն այն է, որ այդ համայնքներում խմելու ջուրը հաշվառված չէ, տեղադրված չեն հաշվիչներ, մարդիկ ջրի համար չեն վճարում և անխնա օգտագործում են ոռոգման համար: Նման խնդիր առկա է Հայսատանի համարյա բոլոր բնակավայրերում»,- ասաց Արևիկ Հովսեփյանը:

Ըստ բանախոսի՝ այս տեսանկյունից խնդրահարույց է Հայաստանում ոռոգման ջրի որակի նորմերի բացակայությունը: «Ոռոգումն իրականացնում ենք ցանկացած ջրով՝ սկսած աղբյուրի ամենամաքուր ջրով, վերջացրած՝ կոյուղուց դուրս եկող ջրով: Այս ամենի արդյունքում անորակ պարեն ենք ունենում: Ամբողջ Արարատյան դաշտի պտուղ-բանջարեղենը ոռոգվում է Հրազդանի գետի ջրով, ուր լցվում է Երևանի Աէրացիայի ԿՄԿ-ից դուրս եկող չմաքրված կեղտաջուրը: Ջրամատակարարման տևողության ավելացման հետ միաժամանակ ավելանում է նաև հեռացվող կեղտաջրի քանակը: Եվ այդ բոլոր կեղտաջրերը կամ մղվում են ընդերք, կամ գետային ավազաններ ու ձորեր: Կեղտաջրերի լիարժեք մաքրման կայան չունենք ոչ մի տեղ: Կեղտաջրերը լցվում են գետերը, իսկ գետերից օգտվում են ոռոգման համար: Պետք է ուշադրություն դարձվի այդ հիմնախնդրի վրա: Հայաստանին ոռոգման համար պետք են մաքուր ջրեր: Այսօր չունենք ոռոգման ջրի որակի նորմեր, բայց եթե սահմանենք, ապա չենք ունենա այդ նորմերին համապատասխանող ոռոգման ջուր»,- նշեց նա:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում ոռոգման ջրի խնդիրը մեծ ազդեցություն ունի պարենային անվտանգության վրա: «Եթե հաշվի առնենք, որ ջուրը կլիմայի փոփոխության արդյունքում խոցելի ռեսուրսներից մեկն է, և վերջին տարիներին շատ համայնքներում, մասնավորապես, Տավուշի մարզի յոթ համայնքներում վերջին երեք տարիներին աղբյուրներում ջրի քանակը խիստ պակասել է, ապա կլիմայի փոփոխության ազդեցությունն արդեն իսկ տեսանելի է: Աղբյուրներում ջրի պակասի հետևանքով պակասել է նաև գետերի ջուրը: Եվ այստեղ առաջանում է ջրային ռեսուրսների ամբարման խնդիր: Նույնիսկ եթե կարողանանք ամբարել գարնանային ու աշնանային վարարումների ժամանակ առաջացած ջրերը, ապա այդ ջուրը կարող ենք օգտագործել ոռոգման ջրի պակասուրդի ժամանակ»,- նշեց Արևիկ Հովսեփյանը: 

Ոռոգման ջրի ոլորտում առկա խնդիրներից մեկն էլ հոսակորուստներն են: «Հողային հուներով ոռոգման համակարգեր շատ ունենք: Ոռոգման ջուրը բերում են հեռու տարածություններից, ոռոգման ջրի հաշվառում չի իրականացվում, հաշվիչներ տեղադրված չեն, որ մարդիկ իմանան, թե որքան ջուր են օգտագործել: Օգտագործված ջրի քանակը հիմնականում հաշվարկում են՝ ըստ տվյալ մշակաբույսի ջրման նորմերի: Այսինքն՝ տվյալ մշակաբույսի համար որքան ջուր է օգտագործվում, ըստ այդ նորմերի վճարումներ են կատարում»,- նշեց նա:

Բանախոսը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտի կառավարման խնդիր նույնպես ունենք: «Գերնորմատիվային հողեր ունենք, որոնցում ֆերմերն ուզում է մշակել այնպիսի մշակաբույս, որը տասն անգամ ավելի ջուր է պահանջում: Չկա կարգավորում, թե որ հողերում ինչպիսի մշակաբույսեր աճեցնենք, ինչպես մշակենք: Գյուղացիները պատրաստ չեն: Գյուղատնտեսական վարկ հատկացնելուց առաջ գյուղացիներին պետք է իրազեկել, ուսուցանել, ինչի համար կարելի է օգտագործել այդ վարկը, ինչ մշակաբույս աճեցնել ավելի շատ բերք և տնտեսական օգուտ ստանալու համար»,- ասաց նա:

Արևիկ Հովսեփյանն անդրադարձավ նաև ոռոգման ջրի կառավարման խնդիրներին: «Հայաստանում ոռոգման ջրի բաշխումը կարգավորում են ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ), որոնց ստեղծումը առաջադեմ նպատակներն է հետապնդել. ՋՕԸ-ն պետք է լիներ մասնակցային կառավարման գործիք, կարողանար ճիշտ կառավարել ոռոգման ջրի բաշխման գործընթացը։ Դրանք ստեղծվել են որպես շահույթ չհետապնդող կազմակերպություններ: Սակայն ՋՕԸ-երը բախվեցին ոռոգման համակարգերի շահագործման հետ կապված խնդիրների՝ հավաքագրման ցածր մակարդակ, ջրի անհավասարաչափ բաշխում, ֆինանսական անկայունություն, կառավարման փորձի ու ունակությունների ցածր մակարդակ, կոռուպցիա և այլն։ ՋՕԸ-երի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով պետությունը դոտացիա է տրամադրում, ինչը հիմնականում պետք է ուղղված լինի էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցմանը: Եվ վերջին տարիներին ՋՕԸ-ը կարծես թե «հրաժավել են»  մասնակցային կառավարումից և կառավարվում են ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից»,- նշեց նա:



Մայիս 04, 2021 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր