

2019թ․ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքն ու լեռնահատկացման ակտը, լուծարեց ընդերքօգտագործման պայմանագիրը։ Ընկերությունը, սակայն, բողոքարկել է ՏԿԵ նախարարի հրամանը։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը պետք է շահագործեր շուրջ 30 տարի՝ 2012-2040թթ․ ընթացքում, մինչդեռ 2015թ․ հետո որևէ աշխատանք չի կատարել հանքում։ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքի համաձայն՝ ընկերությունը 2016-2019թթ. արդյունահանում, իրացում ու արտահանում չի իրականացրել։
Թուխմանուկի ոսկու հանքավայրը տեղակայված է Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում, որը ներկայում բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնած` աշխատատեղերի բացակայություն, ցածր աշխատավարձ, մթերքի իրացման խնդիրներ, վատ ճանապարհ, դեղատան բացակայություն։ Համայնքում թեև զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, սակայն բնակիչների եկամուտները առօրյա հոգսերի լուծմանն էլ չեն բավականացնում: Պատճառները շատ են. «Մեգո Գոլդ» ընկերությանը տրամադրված տարածքների հետևանքով արոտավայրերը կրճատվել են, ոռոգման ջուր չկա, առկա է մթերքի իրացման խնդիր: «Պահում ենք մի քանի կով, ստանում՝ 3 լ կաթ, 300 դրամով դա առնում, տանում, վերավաճառում են։ Ամսական 6000 դրամ եկամուտով վեց հոգանոց ընտանիքը հնարավո՞ր է պահել»,- ԷկոԼուրի հետ զրույցում դժգոհեցին Մելիքգյուղի բնակիչները։
Բնակիչները նշեցին, որ համաձայն կլինեն հանքավայրի վերաշահագործմանը համայնքում աշխատատեղերի բացման համար: Հայաստանի ԱՃԹՆ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընկերությունում 2016թ., 2017թ. և 2018թ . զբաղվածների թիվը կազմել է համապատասխանաբար 23, 19 և 20 մարդ, որից միայն 8-ն են եղել Մելիքգյուղից: Բնակիչներն ավելի շատ կողմնակից են անվտանգ, կայուն և շարունակական եկամուտ ապահովող աշխատանքի հեռանկարին և այդ խնդրի լուծման համար ակնկալում են պատկան մարմինների արձագանքը: «Ուսումնասիրություն պետք է անցկացվի՝ գնահատելու համար գյուղի զարգացումն ապահովող ճյուղերը: Ամեն դեպքում աշխատատեղերի ապահովման հաշվին չենք կարող վտանգել մեր առողջությունը»,- նշեցին մելիքգյուղցիները:
Դատական գործընթաց «Մեգո գոլդ»-ի նկատմամբ
Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը հանքավայրի շահագործումը դիտարկում է միայն այն դեպքում, երբ ընկերությունը համայնքի հետ նոր պայմանագիր կնքի և դրանում ամրագրվեն ընկերության բոլոր պարտավորությունները, հստակեցվի ընկերության սոցիալական ծրագրերի մասին հատվածը, պարբերաբար իրազեկեն գործունեության և եկամուտների մասին: «Պետք է թափանցիկ աշխատեն. որքան հումք մշակեցին, որքանը տարան այստեղից: Այդ բոլորը պետք է երևա, որ և՛ բնակչությունը, և՛ մենք իմանանք այդ մասին»,- նշեց նա:
Սակայն մինչ այս գործընթացի մեկնարկը՝ Դերենիկ Շահբազյանն ակնկալում է ընկերությունից համայնքի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների կատարում: Ըստ համայնքապետի՝ 2016 թվականից «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն համայնքի 226 հա մակերեսով տարածքի վարձակալության դիմաց սահմանված տարեկան 45 միլիոն դրամ վարձավճարը չի վճարել։ Վարձավճարի գանձման հայցով համայնքապետարանը դիմել է դատարան։ «Մեր պարտքերը դեռ չեն տվել, քանի որ սնանկ են ճանաչվել: Իրենց դատի ենք տվել: Սնանկության կառավարչին հանդիպել ենք: Մեզ սկզբից իրենց տեխնիկան էին առաջարկել, հրաժարվել ենք: Մեզ գումարն է պետք, որ գյուղի համար հանրօգուտ աշխատանք կատարենք: Հիմա իրենց տեխնիկաները պիտի վաճառեն, կամաց-կամաց փակվեն»,- ասաց նա։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը 2016թ. սնանկ է ճանաչվել: 2019թ. ՀՀ սնանկության դատարանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ է սկսել:
Չռեկուլտիվացված պոչամբարները՝ Մելիքգյուղի առկախված խնդիրը
«Մեգո Գոլդ» ընկերությունը պարտքերը չվճարելուց զատ նաև բնապահպանական խնդիրների առջև է կանգնեցրել Մելիքգյուղ համայնքին, քանի որ ընկերության պոչամբարները ռեկուլտիվացված չեն, իսկ արտադրական լցակույտերից առ այսօր շարունակվում են փոշու արտանետումները:
Ըստ Դերենիկ Շահբազյանի՝ ընկերությունը պոչամբարների ռեկուլտիվացիա չի կատարել, քանի որ ոսկու կորզման նպատակով նախատեսել էր վերամշակել այնտեղ կուտակված արտադրական թափոնները: Որպես ռեկուլտիվացիայի համար անհրաժեշտ հող համայնքապետը նշեց, որ ընկերությունը կարող է օգտագործել ժամանակին ճանապարհների կառուցման համար դուրս բերված ապարի շերտը:
Ըստ Դերենիկ Շահբազյանի՝ ի սկզբանե պոչամբարի կառուցման տեղադիրքը սխալ էր ընտրվել. այն կառուցվել էր խմելու ջրագծին շատ մոտ: «Կարդացել եմ պայմանագրի մեջ, որ պոչամբարները խմելու ջրագծից պետք է մոտ 90 մ հեռու լինեն, բայց դա չի պահպանվում: Մեր խմելու ջուրը պոչամբարի մոտով է անցնում: Այս տարի սուբվենցիոն ծրագրով խողովակներ ենք փոխել: Մի քիչ հեռու տարանք, բայց ամբողջը չկարողացանք»,- ասաց նա:
Համայնքապետը նշեց, որ հանքավայրի շահագործման սկզբնական շրջանում տեղի էր ունենում ոռոգման ջրի աղտոտում, ինչն էլ իր հերթին բերում էր կարտոֆիլի ցանքատարածությունների աղտոտման: «Պայմանագրով նախատեսված ձևով չէին հանքաքարը հանում և վերամշակում: Մեր ոռոգման ջուրը սարից է գալիս: Այդ տարածքում եթե սկսում էին հանքաքար հանել, պղտորվում էր ու աղտոտված ջուրը գալիս էր, խառնվում ոռոգման ջրին»,- նշեց նա: Ըստ Շահբազյանի՝ խնդիրը հետագայում լուծվել է:
Ոռոգման ջրի հետ կապված մյուս խնդիրը անբավարար քանակն է: «Դաշտերը անձրևի հույսով ենք ջրում: Խորհրդային տարիներին ջրամբար կար, այդտեղից էինք օգտվում, հիմա էլ չկա: Կարտոֆիլ, գարի, ցորեն ու խոտհարքեր են մեզ մոտ: Եթե ջուր լինի, ուրիշ բան կաճեցնենք: Անհրաժեշտ է ջրամբար կառուցել, ինչի համար կարելի է սարից եկող աղբյուրների ջուրը վերցնել: Բայց դա մեծ ծախսերի հետ է կապված»,- նշեց նա:
Որպես գյուղի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիր, բնակիչները նշեցին ճանապարհների անբարեկարգ լինելը, ինչն ավելի է սրվում ձմռան ամիսներին: «Գյուղում դեղատուն չկա: Երբ դեղ է պետք լինում, չորս ժամ է անհրաժեշտ Ապարան գնալ-գալու համար: Բքերը, որ սկսվում են, անհնար է դառնում ճանապարհ դուրս գալը»,- նշեցին նրանք:
Գյուղի զարգացման համար բնակիչներն առաջարկեցին բժշկական ամբուլատորիայի, մանկապարտեզի և մշակույթի տան կառուցում: «Մեր երեխաները զրկված են երգից, պարից, սպորտային խմբակներից: Օբյեկտ պետք է տրամադրվի դրա համար: Պետք է բոլոր օղակների համագործակցությամբ լուծում գտնել»,- նշեցին բնակիչները: Համայնքում աշխատատեղ էր ապահովում ադամանդի մշակման արտադրամասը, որը կորոնավիրուսային համավարակի պատճառով դադարեց աշխատել: «Հումքը դրսից են ստանում, դրա համար էլ չի աշխատում»,- նշեց համայնքապետը:
Ըստ Դերենիկ Շահբազյանի՝ Մելիքգյուղում հեռանկարային է նաև էկոտուրիզմը: «Ձմռանը գալիս են դահուկորդները: Ամռանն էլ եղևնիների պուրակ ունենք, տաղավարներ, որտեղ կարելի է գնալ, ժամանակ անցկացնել, բայց դրանով զբաղվող է պետք»,- նշեց նա:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Մայիս 20, 2021 at 13:26