Հանրային լսումը չի կայացել . ի՞նչ է կատարվում Գլաձորում

Հանրային լսումը չի կայացել . ի՞նչ է կատարվում Գլաձորում

2021թ. հոկտեմբերի 5-ին Գլաձոր համայնքում նախատեսված հանրային լսումները չեն կայացել: «Մետալ Գոլդ» ընկերությունը հերթական անգամ լսումներ պետք է անցկացներ՝ Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ: 
 
Հանդիպումը մեկնարկել էր լարված մթնոլորտում՝ հանքին դեմ և կողմ բնակիչների, հանքարդյունաբերող ընկերության, տեղի ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Բնակիչներից շատերը պահանջում էին լսումների չեղարկում: Չնայած նրան, որ հանրային լսումների մասին հայտարարությունը տեղադրվել էր Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում, համայնքապետ Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում Գլաձորում, հանրային լսումներ չեն, այլ հանդիպում բնակչության հետ: Քաղաքացիների հարցը, թե համայնքապետարանի հայտարարությունն այլ բովանդակություն ուներ և որն է պատճառը, որ համայնքապետը փոփոխում է նախկինում հաստատված ձևաչափը, Արմեն Մովսիսյանն անպատասխան թողեց: 


 
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը մեկնաբանեց, որ եթե հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հանդիպումը արձանագրվեր որպես հանրային լսում, դա կհակասեր Գլաձորի ավագանու՝ նախկինում ընդունված երկու որոշումներին: «2016թ. Գլաձորի ավագանին ընդունել էր որոշում, ըստ որի իրենց համայնքի տարածքում հանք չպետք է լինի, և ընկերությանը հող չի հատկացվել: Համայնքը գիտակցում էր, որ իրենց տարածքում հանքի գործարկումը վնաս է պատճառելու բնակչությանը, նրանց առողջությանը, լինելու են բնապահպանական վնասներ: 2019թ. Գլաձոր խոշորոցված համայնքի 2000-ից ավելի բնակիչներ ստորագրել են հանրագիր, ըստ որի Գլաձոր համայնքը ճանաչվել է էկոտնտեսական տարածք և այստեղ արգելվում է մետաղական հանքարդյունաբերությունը: Ավագանին հավանություն է տվել այդ հանրագրին: Եթե այստեղ լսում ենք անում և քննարկում ենք հարցեր, դրանով կասկածի տակ ենք դնում այս նույն համայնքի ավագանու երկու որոշումները: Ինչ որոշում էլ այստեղ ընդունվեր, անօրինական էր լինելու, որովհետև այն երկու որոշումները չեն չեղարկվել»,- ասաց Նազելի Վարդանյանը: Ըստ նրա՝ «Մետալ Գոլդը» երկու գրություն է ներկայացրել Գլաձորի համայնքի ղեկավարին: Առաջին գրության մեջ նշված է, որ ուսումնասիրության պայմանագրով իրեն տվել են կամեռալ (գրասենյակային) ուսումնասիրության թույլտվություն: Միաժամանակ ընկերությունը պնդում է, թե պետք է պաշարներ և կոնդիցիաներ ճշտի տեղում՝ Գլաձորի տարածքում: Սակայն, այդ գրությանը կից ներկայացրել է նախնական հանքարդյունահանման հայտ։  Նախնական հանքարդյունահանում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, դրանով ընկերությունը նպատակ ունի ուսումնասիրության անվակ տակ հանքարդյունահանում անել՝ շրջանցելով ՀՀ օրենսդրության պահանջները։
 
Նշենք, որ 2016թ. և 2021թ. նշված գրությանը կից ներկայացված հայտում Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ՇՄԱԳ-ում ոսկու, արծաթի և այլ մետաղների պաշարներն արդեն իսկ գնահատված են: «Եթե ընկերությունը հանքարդյունահանում է անում, պետք է հայտ ներկայացնի ՏԿԵՆ, որտեղից հայտը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն, վերջինս էլ պետք է այդ հայտը տեղադրի իր կայքում, այնուհետ որոշի՝ ովքեր են ազդակիր համայնքները և նոր միայն լսում կազմակերպի»,- նշեց Նազելի Վարդանյանը:

Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի



Հոկտեմբեր 11, 2021 at 09:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր