Կաթնաղբյուրի բնակիչները ստորագրահավաք կիրականացնեն «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի հայտի դեմ

Կաթնաղբյուրի բնակիչները ստորագրահավաք կիրականացնեն «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի հայտի դեմ

2021թ․ հունվարի 20-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում տեղի ունեցան Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները։ 

«Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը նշեց, թե նախագծի շրջանակում ինչ աշխատանքներ են իրականացվելու։ «Ձեռքով փորվածքներ են արվելու, հորատանցքեր չեն լինելու։ Նմուշարակվեն ու հետո փակվեն։ Այդտեղ ջրային հոսքեր չկան, արտանետումներ չեն լինելու, շրջակայքի աղտոտում որևէ կերպ չի լինելու։ Նաև գետային հունի հետախուզական հորատանցքեր են նախատեսվում կատարել։ Դրանք նույնպես ձեռքով են արվելու, այդ բոլոր նմուշներով որոշվելու է ոսկու քանակության կարգը։ Եթե հեռանկարային տեղամասեր լինեն, հետագայում դրանք կուսումնասիրվեն, որից հետո մանրամասն հետախուզելու հարց կարող է առաջանալ»,- նշեց նա։
 
Հանրային լսման մասնակից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեց․ «Եթե վստահ եք, որ ոչ մի ձևով համայնքի բնակիչը չի թույլատրելու հանք բացել, դուք, միևնույն է, իրականացնելո՞ւ եք ձեր գործունեությունը»։ Ի պատասխան ընկերության ներկայացուցիչն արձագանքեց, թե ոչ, սակայն վստահեցրեց, որ հանքը բացելու դեպքում գյուղում աշխատատեղեր կստեղծվեն, երկիրը կհարստանա։ 
 
Հանրային լսմանը ներկա բնակիչներից ոմանք նշեցին, թե կողմ են հանքի աշխատանքին այդ տեսանկյունից․ «Ես բարեկեցիկ կյանք եմ ուզում»։ Ի պատասխան հանքարդյունաբերության վտանգների մասին բարձրաձայնեցին մյուս բնակիչները․ «Էկոլոգիայի մաքրությունը կամ մարդու առողջությունը դնում ենք աշխատատեղի հետ նույն նժարի՞ն․․․ Տուրիզմի զարգացումը բա՞», «Տուրիզմը ի՞նչ է տալիս մեզ», - հակադարձեց մեկ այլ բնակիչ։ Իր հերթին ընկերության ներկայացուցիչն արդարացավ, թե իրենց գործունեությունը գյուղից 8 կմ հեռու է և որևէ կերպ չի կարող վնասել գյուղին։ «Իսկ եթե դուք Ձորագետն աղտոտե՞ք։ Չեք կարող ապացուցել, որ գետը չեք աղտոտելու։ Եթե կա հանք ու մոտակայքում գետ, անհնար է, որ գետը չաղտոտվի»,- իր մտահոգության մասին խոսեց մեկ այլ բնակիչ։
 
Հանրային լսման ավարտին ներկաների՝ գյուղում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու վերաբերյալ դիրքորոշումը միանշանակ չէր։ Նախագծին դեմ արտահայտվող բնակիչները լսումների ավարտից հետո կազմել են իրենց բացասական կարծիքն արտահայտող գրությունը, որը նախատեսում են ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։ «․․․ ելնելով այն հանգամանքից, որ մենք ցանկանում ենք մեր բնակավայրը պահպանել որպես էկոլոգիական մաքուր գյուղատնտեսական նշանակության բնակավայր, որը պետք է ունենա ապահով հեռանկարներ գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար, ինչպես նաև «Ավ Մայնինգի» ներկայացուցչի բերած փաստարկները համոզիչ և հիմնավոր չէին, դեմ ենք բնակավայրի վարչական տարածքում որևէ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև հանքարդյունաբերական գործընթացի, որի համար ստորագրում ենք»։
 


Հունվար 20, 2022 at 18:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր