Սոցիալ-էկոլոգիական բաղադրիչի ներդնումը՝ որպես համայնքում առկա բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղի

Սոցիալ-էկոլոգիական բաղադրիչի ներդնումը՝ որպես համայնքում առկա բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղի

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրները վեր հանելու ու դրանց լուծման ուղղությունները հստակեցնելու համար նախատեսվում է համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն մշակել: Այդ նպատակով 2022թ. հունվարին Մարտունիում և Վերին Գետաշենում «Սոցիալ-էկոլոգիական» կոնսորցիումի թիմի անդամները հանդիպել են բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում կոնսորցիումի անդամ՝ «ԷկոԼուր» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպման մասնակիցների հետ քննարկել են «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ի կոնցեպտը: Ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը բացատրել է, թե ինչպես պետք է իրականացվի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալների բազայի հավաքագրումը տեղի ակտիվի կողմից:

Անդրադառնալով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններին՝ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ այն կախված է տվյալ համայնքի բյուջեում առկա ֆինանսական միջոցների ծավալից: «Մարտունիում գործում են 6-7 ոչ մետաղական հանքավայրեր, 6 ՓՀԷԿ-եր: Վերջիններն ամեն տարի բավական մեծ ծավալի էլեկտրաէներգիա են արտադրում, ինչը հնարավոր է օգտագործել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Ոչ մետաղական հանքավայր շահագործող ընկերություններն իրենց ընդերքօգտագործման պայմանագրերով պետք է տվյալ ազդակիր համայնքի համար սոցիալ-տնտեսական աջակցության որոշակի կոմպոնենտ ներառեին, բայց չեն արել: Հնարավոր է նաև համայնքում գործող ոչ մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարված բնպահպանական հարկերն օգտագործել համայնքի բնապահպանական խնդիրների լուծման համար՝ հետագայում այդ ընկերություններն ընդգրկելով օրենքում ներառված կազմակերպությունների ցանկում: Ի վերջո, համայնքում վերջին շրջանում զարգանում է արևային էներգետիկան: Չնայած նման գործունեության դեպքում օրենսդրությամբ չի նախատեսվում սոցիալական օժանդակություն, բայց կարելի է հասնել նրան, որ ընկերությունները կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում օգնեն տվյալ համայնքին»,- նշեց նա:

Ռոզա Ջուլհակյանը նկատեց, որ այն նվազ քանակով ֆինանսական մուտքերն էլ, որոնք նպատակաուղղված պետք է լինեն բնապահպանական կամ սոցիալական խնդիրների լուծմանը, ուղղվում են լրիվ այլ ոլորտներին: «Համայնքն իր հայեցողությամբ այդ միջոցներն օգտագործում է այլ ծրագրերում: Մինչդեռ բնապահպանական վճարների փիլիսոփայություն այն է, որ պետք է տվյալ համայնքի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղվի»,- ասաց Ռոզա Ջուլհակյանը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը նշեց, որ Վերին Գետաշեն բնակավայրի ընտրությունը պայմանավորված է հիդրոէներգետիկ ոլորտի բացասական հետևանքները վերացնելու կամ մեղմելու անհրաժեշտությամբ: «Վերին Գետաշենը կրում է «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի ազդեցությունը: Ոչ միայն բնակավայրի հողերն են վերցված, այլև՝ բավական մեծ ռիսկ են իրենցից ներկայացնում ամեն տարի տեղի ունեցող վթարները: Այս ամենը բերում է նաև տեղի բնակչության ընդվզման հետ կապված խնդիրների: Ծրագիրը թույլ կտա հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն է թողնում ՀԷԿ-ը բնակավայրի վրա, ի՞նչ վնասներ է կրում Վերին Գետաշենը, ի՞նչ հնարավոր փոխհատուցման տարբերակներ կարող ենք ակնկալել և առկա ռիսկերը մեղմելու նպատակով որտե՞ղ է նպատակահարմար ծախսել այդ գումարները»,- նշեց նա: Անահիտ Գևորգյանը նկատեց, որ «Արգիճի» ՓՀԷԿ-ը, երկար տարիներ աշխատելով և շահույթ ստանալով, օգտագործելով համայնքի ջրային և հողային ռեսուրսները, որևէ աջակցություն չի տրամադրել համայնքին: 

«Ռազմավարությունը հնարավորություն կտա համայնքի բյուջե ներմուծվող գումարներն օգտագործել բնապահպանական ռիսկերի նվազեցման համար, ինչը դրականորեն կանդրադառնա համայնքում տնտեսական խնդիրների նվազեցման, բնակչության իրազեկվածության բարձրացման վրա, թույլ կտա բնակիչներին սեփական իրավունքները պաշտպանել»,- ընդգծեց նա:

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Փետրվար 02, 2022 at 16:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր