

Լոռու մարզի Ախթալա ու Օձուն, Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս և Սյունիքի մարզի Գորիս ու Սիսիան թիրախ համայնքներում իրականացված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում գնահատվել են կանաչ զարգացման ռեսուրսները: Արդյունքները ներկայացվել են 2022թ. մարտի 16-ին՝ ԷկոԼուր մամուլի ակումբում: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը, «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը և ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:
Օլեգ Դուլգարյան. «Էկոլոգիապես տուժած համայնքների համար անհրաժեշտ է մշակել սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որը կմեղմի էկոլոգիական խնդիրները և սոցիալ-տնտեսական իրավիճակը...
Մենք ունենք մի կողմից շահագործվող կամ վնասվող բնություն, համայնք, մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի և առողջության վատթարացում, սակայն համայնքներում չունենք այնպիսի քաղաքականություն, որը կբերի այս խնդիրների միջև որոշակի բալանսի...
Համայնքի բնակիչները թեև սոցիալ-էկոլոգիական բազմաթիվ խնդիրների կրողն են, սակայն չունեն բավարար գիտելիքներ, թե ինչ հնարավորություններ և ռեսուրսներ ունեն իրենց համայնքներն այդ խնդիրները լուծելու համար և թե ինչ վնասներ է հասցվում իրենց համայնքին: Համայնքի շատ փոքր մասն է տիրապետում այն տվյալներին…
Օրինակ, Օձուն համայնքի Մղարթ բնակավայրում գործունեություն ծավալող «Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն (խմբ.՝ որը տիրապետում է Մղարթի ոսկու հանքավայրի թիվ 5 և թիվ 8 հանքային մարմինների ընդերքօգտագործման իրավունքը) տասնամյակների ընթացքում մի քանի միլիոն դրամ է միայն հատկացրել»:
Անահիտ Գևորգյան. «Գեղամասարը ընտրվել է որպես Սոթքի հանքավայրի ազդակիր համայնք, Իսկ Վերին Գետաշենը՝ որպես Արգիճի գետի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանի ազդակիր համայնք: Վերին Գետաշենում առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը ոտնահարելով՝ Սևանը սնուցող Արգիճի գետի վրա հիդրոէլեկտրոկայան է կառուցվել: Արդյունքում բնակչությունը զրկվել է ոռոգման ջրից։ Եվ այս համայնքը որևէ փոխհատուցում չի ստացել ՓՀԷԿ-ից։ ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում 2 անգամ վթարների հետևանքով գյուղացիների հողատարածքներն ամբողջովին փչացել են, մարդիկ՝ զրկվել իրենց եկամուտներից, գյուղը կրիտիկական վիճակում է գտնվում։ Բնակիչներն առաջարկում են կամ որոշակի մշակաբույսերով փոխարինել իրենց դաշտերի ցանքաշրջանառությունը, որ ավելի քիչ ջուր պահանջվի, կամ ջրամբար կառուցել, որ հնարավորություն ունենան ջուր հավաքել և՛ ոռոգման, և՛ ՓՀԷԿ-ի համար....
Սոթքի ոսկու հանքավայրին ազդակիր Սոթք և Կութ բնակավայրերի բնակիչները սովորել են այդ վիճակին, քանի որ հանքը երկար տարիներ է շահագործվում: Բայց քանի որ հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ արոտավայրերի մեծ մասն անցել է հակառակորդի կողմը, մարդիկ զրկվել են դրանցից: Խնդիր կա բնակչությանը գյուղում պահելու և նրանց համար տնտեսական եկամուտներ ապահովելու։ Սոթքի բնակիչներն առաջարկում են ստեղծել հնարավորություն ոռոգելի դարձնելու արոտավայրերն ու խոտհարքերը, որպեսզի կարողանան իրենց փոխհատուցումը ինչ-որ չափով ստանալ»:
Արթուր Վարդազարյան. «Որոտան գետի վրա կան մեծ և փոքր ՀԷԿ-եր, որոնք հսկայական ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ճիշտ է՝ խոշոր ՀԷԿ-երը համայնքում իրականացնում են որոշակի ծրագրեր, ինչ-որ խնդիրներ են լուծում, բայց չկա քաղաքականություն, որի հիման վրա կկարողանան համայնքի հետ իրականացնել համատեղ ծրագրեր, իսկ փոքր ՀԷԿ-երը համայնքներում որևէ ներդրում չեն անում:
Մեր նպատակն է համայնքներում հավաքագրել տվյալներ և դրանց հիման վրա սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն մշակել, ինչը կնպաստի բիզնես-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն-համայնք փոխհարաբերություններին՝ վեր հանելով խնդիրները և լուծման հնարավորությունները»:
Ռոզա Ջուլհակյան.«Մենք փորձել ենք մի ձևաչափի մեջ տեղավորել թիրախ համայնքների ընդհանուր նկարագիրը, ուժեղ և թույլ կողմերը, նրա ունեցած հնարավորությունները: Օգտվել ենք պաշտոնական տվյալներից, որոնք դաշտային աշխատանքների ժամանակ ճշգրտվել են: Ձևաչափերում ներառել ենք բնապահպանական խնդիրները, թափոնների առկայությունը, գործող հանքարդյունաբերական կազմակերպությունները, դրանց սոցիալ-կորպորատիվ պարտավորությունների մասին տվյալները, հիդրոէլեկտրակայանները, դրանց արտադրած էլեկտրաէներգիան, ֆինանսական հնարավորությունները... Անդրադարձել ենք նաև արևային էներգետիկային, որը համայնքի տարածքի շոշափելի քանակի հողեր է օգտագործում»:
Մամուլի ասուլիսի մասնակից, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանն անդրադարձավ Որոտանի հիդրոկասկադին. «2015 թ. հիդրոկասկադը տվեցին ամերիկյան «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը՝ կատարելով երկու սխալ: Նախ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեցին երկուսուկես անգամ: Երբ պետական ձեռնարկություն էր, սակագինը 11 դրամ էր, «Քոնթուր Գլոբալի» դեպքում դարձավ 24,5 դրամ: Երկրորդ, զուգահեռ շահույթը երկուսուկես անգամ մեծացավ: Իսկ մենք ի՞նչ շահեցինք»:
Էդվարդ Արզումանյանն անդրադարձավ նաև արևային էներգետիկայի ռիսկերին. ««Մասրիկ-1» կայանի տեղանքը նախկինում եղել է մշակելի հողատարածք, իսկ մի քիչ վերև արոտավայր է եղել, որպեսզի մի քիչ վերև չգնան, մեկ տոկոս ավել ծախս չանեն, վերցրել են մշակովի հողատարածքն արևի համար, մինչդեռ ունենք այնպիսի հողատարածքներ, որոնք մշակովի չեն, թող դա օգտագործեն»: Ի պատասխան Ռոզա Ջուլհակյանը նշեց. «Գեղարքունիքի մարզում ներկայում վերականգնվող էներգետիկայի արտադրությամբ գործում է յոթ կայան, որից մեկը հողմային կայան է: Նախատեսվում է ևս 13 կայանի շահագործում՝ 2247 կՎտ հզորությամբ: Արևային էներգետիկան ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես անթափոն ու անվտանգ, սակայն դա այդպես չէ: Մեր հարցմանը, թե արևային վահանակների թափոնների հետ ինչ եք անելու՝ Արագածոտնի մարզպետը հայտնել է, թե՝ ժամանակը կգա, կորոշենք: Ամբողջ աշխարհում վահանակների օգտահանման հարցը կա, բացի այդ՝ հողերի օգտագործման հարցը: Արևային կայանն իր զբաղեցրած տարածքի հողային շերտը միկրոալիքների ազդեցության հետևանքով ենթարկում է ջերմային այրման: Տասնամյակներ են պետք, որ հնարավոր լինի դա վերականգնել: «Մասրիկ 1»-ի հետ կապված էլ նշեմ, որ կայանի տակ գտնվող հողը 70 սմ բերրի շերտ է ունեցել»:
Ասուլիսի ընթացքում հանրության կողմից բարձրաձայնվել են նաև հետևյալ հարցերը, որոնց պատասխանները դիտե՛ք մամուլի ասուլիսի տեսանյութում.
- Բացի հանքարդյունաբերության առաջացրած խնդիրներից, ինչ-որ այլ խնդիրներ բացահայտվե՞լ են ծրագրի իրականացման ընթացքում:
- ՏԻՄ-ը որքանո՞վ է աջակցել Ձեր կողմից իրականացված ծրագրին, որքանո՞վ են եղել բաց և պատրաստ համագործակցության։
- Արդյո՞ք ծրագրի նախնական մշակման փուլում, ծրագրի ընթացքում և հիմա, երբ գրեթե ծրագիրն ավարտին է մոտենում, նույնն էին պատկերացումները, դժվարությունները և տեսլականը սպասվելիք ավարտի մասին։
- Ի՞նչը կհամարեք հաջողված ավարտ ծրագրի համար։
- Որո՞նք են եղել հիմնական դժվարությունները որոնց բախվել եք ծրագրի ընթացքում։
- Որքանո՞վ են համայնքների բնակիչները հետաքրքրված ծրագրով։ Արդյո՞ք կա անտարբերություն և եթե այո, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։
- Այդ փաստաթղթի մշակման գործում տեղի բնակիչները մասնակցել են արդյո՞ք, որքանո՞վ է արդյունավետ եղել դա։
- Ինչպե՞ս կգնահատեք Սևանա լճի «ծաղկումը» կանխարգելող ծրագրերի իրականացումը, արդյո՞ք արվում են բավարար աշխատանքներ՝ նվազեցնելու լճի էվտրոֆացման գործընթացը։ Համայնքներն ունե՞ն որևէ մասնակցություն։ Հաջորդ հարցս վերաբերում է արևային խոշոր կայանների տեղադրմանը, ի՞նչ խնդիրներ են առաջացնում դրանք համայնքների համար, արդյո՞ք դրանք կարող են փոխարինել ՀԷԿ-երին։
- Արդյո՞ք կան նմանատիպ հաջողված ծրագրեր Հայաստանի այլ բնակավայրերի համար, և եթե այո, ինչպիսի՞ արդյունավետություն են ունեցել։
- Տեղեկատվության հավաքագրումը որքա՞նով է մասնակցային։ Ի՞նչ շրջանակ է ներառում:
- Ի՞նչ դեր ունեն ՏԻՄ-երն այդ խնդիրների լուծման գործում։
- Համայնքներում հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում գործող բիզնեսի հետ որևէ աշխատանք իրականացվու՞մ է։
- Ո՞ւմ կողմից և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն հանքարդյունաբերական և էներգետիկ բիզնեսի ազդեցության տակ գտնվող համայնքներում էկոլոգիական, սոցիալական, առողջապահական ռիսկերը կառավարելու, ստեղծված վիճակը բարելավելու, բիզնեսին պատասխանատվության դաշտ բերելու համար:
- Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ժամանակավորապես դադարեցվում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը: Ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որով հերքում էր կապը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ: Միևնույն ժամանակ հայտնում էր, որ ավարտվել են Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները: Ի՞նչ տեղեկատվություն է առկա ընկերության աշխատանքների դադարեցման հետ կապված և արդյո՞ք կարող ենք խոսել պոչամբարի պատվարի ամրության մասին՝ հաշվի առնելով ընկերության հայտարարությունը:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Մարտ 22, 2022 at 16:38