

ՀՀ կառավարությունը սահմանեց մինչև 2030 թվականը Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները:
Ս.թ. մարտի 24-ի նիստում կառավարությունը չզեկուցվող կարգով հավանություն տվեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ. ծրագրի» առաջին փուլի (2022-2024 թթ.) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:
«Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագիր»-ը սահմանափակվում է 2020 թվականով։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր երկարաժամկետ ծրագիր՝ հաշվի առնելով վերջին տարիների զարգացումներն ու նախանշվող հնարավորությունները: Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախության, անվտանգության մակարդակի և էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը։
Ծրագիր-ժամանակացույցով սահմանված և հստակեցված են էներգախնայողության ուղղությամբ և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող միջոցառումները, հիմնական ցուցանիշներն ու թիրախները:
Ծրագրով նախատեսվում է մինչև 2023 թ-ի ավարտը Հայաստանում 500 ՄՎտ հզորությամբ հողմային կայանների կառուցման նպատակով գնահատել քամու ներուժը՝ 100 միլիոն դրամ արժողությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ: Մինչև 2024 թ-ի ավարտը նախատեսվում է իրականացնել 120 ՄՎտ հզորությամբ արևային 5 կայանի կառուցման ծրագիր՝ 100 միլիոն ԱՄՆ դոլար մասնավոր ներդրումներով, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ: Իսկ ավելցուկային էլեկտրական Էներգիայի կուտակման համար մինչև 2024 թ-ի հուլիսը կգնահատվեն ջրածնային էներգիայի տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները, ինչը կարժենա 500 միլիոն դրամ:
Ծրագրով նաև նախատեսվում է Երևանում հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրում, Հայաստանում էլեկտրամոբիլների կիրառման խթանում, ինքնավար արևային կայանների պարագայում կիրառվող կարգավորումների ուսումնասիրություն և վերանայում, «Կանաչ» պարտատոմսերի թողարկման նպատակով ուսումնասիրության իրականացում, էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի կառուցման բիզնես մոդելների հայեցակարգի մշակում, էներգիայի կուտակիչ մարտկոցների համակարգերի պարագայում կիրառվող սակագնային քաղաքականության ուսումնասիրություն, տնային տնտեսությունների հատվածում և հանրակրթության ոլորտում էներգասպառման ելակետային տարվա (2022 թ.) տվյալների հստակեցման նպատակով ներկայացուցչական հետազոտությունների իրականացում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ջերմամեկուսացման միջոցառումների ծրագրի մշակում, լիցքավորման ցանցի ներդրման և ընդլայնման հայեցակարգի մշակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում էներգախնայողության և էներգարդյունավետության բարձրացման ծրագրի (մինչև 2030 թ․) նախագծի մշակում, հանրային օբյեկտներում էներգախնայողության և էներգարդյունավետության բարձրացման ծրագրի մշակում, էլեկտրական էներգիայի օգտագործման խթանում, էլեկտրական էներգիայով սնուցվող, էներգաարդյունավետ սարքավորումների օգտագործման ընդլայնմանը միտված մաքսային կարգավորումների փոփոխությունների նախագծի մշակում, էլեկտրական էներգիայի վերջնական սպառման ավելացմանը՝ ի հաշիվ բնական գազի վերջնական սպառման նվազեցմանը միտված սակագնային կարգավորումների մշակում և ներդրում, էլեկտրական էներգիայով սնուցվող արդիական, էներգաարդյունավետ ջեռուցման համակարգերի ներդրման պետական աջակցության ծրագրի մշակում, կայուն զարգացման նպատակների շրջանակի տեղայնացման (ազգայնացման) ուղղությամբ աշխատանքների իրականացում կայուն զարգացման 7-րդ նպատակի գծով:
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ։ Ըստ հիմնավորման՝ նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթից:
Մարտ 25, 2022 at 13:46
